Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղյուսներից, իսկ եզերքը զարդարած ծիրանաքարի մանեկաձև գոտիներով։ Յուրաքանչյուր երկու խորշերի մեջտեղը գտնվող հարթ տարածության վրա քանդակված էին դրասանգներ ու ծաղկանկարներ։

Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածներով. իսկ առաստաղը պատերի հետ միավորող քառանկյունները` պճնված խորշխորշյա ոսկեզօծ մյուսիոններով։

Պատերից երկուսի վրա շինված էին երկ֊երկու նեղ, բայց երկար ու կամարավոր պատուհաններ, եզերված պորփյուրյա մանեկաձև գոտիներով։

Համակ քարաշեն այդ սենյակի հետ գեղեցիկ հակադրություն էր կազմում թագուհու քնարանը, որ բռնած էր սենյակե աջ անկյունը` սքողված մետաքսյա ծիրանեգույն առագաստներով և զարդարված ոսկեթել ծոպերով ու փնջերով։ Դայակը մոտենալով մահճին` բացավ նրա ծանր առագաստները և երևան հանեց հարուստ դիպակներից ու նրբահյուս բեհեզներից պատրաստված անկողինը, գգված պարսկական թավշյա ծաղկանկար բարձերով։ Ապա դառնալով թագուհուն` մեղմ ձայնով հարցրեց.

-Կկամենայի՞ր, մեծափառ տիկին, այժմեն իսկ հանգստանալ։

-Այո՛, այժմեն իսկ, սաստիկ հոգնած եմ,- պատասխանեց թագուհին և երեսը պատուհանից դարձնելով, հրամայեց նաժիշտներին յուր հանդերձը հանել։

Բայց նրա երեսն այդ միջոցին արտահայտում էր ոչ թե հոգնածություն, այլ ներքին, հոգեկան հուզմունք, որ սակայն մի գրավիչ փայլ էր տալիս նրա գեղանի դեմքին, լուսալիր աչքերին, նազելի հասակին և դշխոյական սիգաճեմ շարժմանը։

Երկու նաժիշտները միաժամանակ մոտեցան նրան։ Հանեցին նախ թագուհու սովորական զարդերը, որոնք էին՝ յուր բյուգանդական ծանրագին ապարանջաններն ու գինդերը, ապա ոսկեհուռ մանյակը, որ գրկում էր նրա փղոսկրյա պարանոցը, գոհարազարդ գոտին, որ սեղմում էր նազիկ իրանը մետաքսե նուրբ պատմուճանի մեջ, և ձախ ուսի վրա փայլող հակինթե ճարմանդը, որով կոճկված էր յուր հարուստ կուրծքն