գտնվող ուրիշ ազատ զորքեր, որոնք «մինչև այսօր երկրի իշխանների համար կռվեցինք, այժմ էլ եկեղեցվո իշխանի համար կռվենք» ասելով, հարել էին խաչանիշ դրոշին և դիմել Բյուրական։
Ճգնավորի հետ եկած զորքը վեհարանի շուրջը պատած սպասում էր, որ վեհափառը ելնե և օրհնե իրանց։ Այդ մի բնական և իրավացի ցանկություն էր այն զորականի համար, որ ինքնակամ եկել էր յուր եկեղեցին և նրա պետը պաշտպանելու։ Բայց որքա՜ն մեծ եղավ Սոլոմոն հոր ցավը, երբ Դռան եպիսկոպոսը հայտնեց նրան, թե վեհափառը խույս է տվել Բագարան։
-Իմ զորքերը կցրվեն, եթե այդ իմանան,-ասաց նա եպիսկոպոսին,-նրանք եկել են այստեղ վեհափառին պաշտպանելու։ Իսկ եթե նրանց հայտնվի, թե կաթողիկոսը ձգել է միաբանությունը յուր անձն ազատելու համար, նրանք գուցե վերադառնան հենց այս վայրկենին։
-Ի՞նչ անենք ուրեմն. մենք կարոտ ենք այդ զորքի օգնության,-հարցրեց եպիսկոպոսը։
Փոքր մտածելուց ետ ճգնավորը պատասխանեց.
-Պետք է հայտնել նրանց, թե վեհափառը հիվանդ է և ելնել չէ կարող։ Այս անմեղ սուտը օգուտ կբերե մեզ։
-Չէ՛, հայր Սոլոմոն, չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա հանցանք, որ անպատիժ մնա,-նկատեց եպիսկոպոսը.-ես այդ տիրասեր զորքին խաբել չեմ կարող։ Ավելի Լավ է, հայտնենք նրան ճշմարտությունը, իսկ մեր պաշտպանության գործը թողնենք նրա խղճին։
-Այդ միևնույն է, թե մենք մեր ձեռքով Բյուրականը հանձնենք թշնամուն։
-Ի՞նչ անենք ուրեմն,-հարցրեց եպիսկոպոսը տարակուսելով։
-Ոչինչ այլևս անելու չունինք. մնում է, որ ես ինքս գործեմ այդ հանցանքը, եթե արդարև դա մի հանցանք է,-ասաց ճգնավորը։ Ապա դուրս գալով վեհարանի բակը, հայտնեց զորքերին, թե՝ «Վեհափառը հիվանդ է և իմ բերանով ուղարկում է ձեզ յուր հայրական օրհնությունը»:
Զորքը, իհարկե, հավատաց ճգնավորին և շատերը նրանցից