էին, որ շարունակ թռչում էին օդի մեջ. սանդուղքներ էին, որ ջախջախվում, նիզակներ, որ փշրվում, վահաններ, որ ջարդվում էին:
Իսկ բոցն ու կրակը ինչպես մի լայնածավալ հրդեհ պատում էր պարիսպները, պատնեշները և աշտարակները։
Բեշիրը տեսնելով, որ բյուրականցիների ընդդիմությունը ահագին կոտորած է անում յուր զորքի մեջ, հրամայեց նրան նահանջել այդ օրը։ Պարիսպների տակ կուտակված էին ահագին թվով դիակներ, որոնց թշնամին ժողովելով՝ հազիվ մինչև երեկո թաղել կարողացավ մի՝ ընդհանուր փոսի մեջ։
Այս հանգամանքը կատաղեցնում էր Բեշիր զորավարին. նա փրփրում և ատամները կրճտում էր։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Պաշարյալները իրանց պարտքն էին կատարում և պաշտպանվում էին հերոսաբար։
Մի վայրկյան նա մտածեց թողնել Բյուրականին բռնությամբ տիրելու որոշումը և առաջարկել կաթողիկոսին անձնատուր լինել խաղաղությամբ։ Նա հավատացած էր, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե ինքը վերջ ի վերջո պիտի տիրե նրա դղյակին և ձերբակալե նրան։ Բայց մեկ էլ մտածելով, որ պաշարյալները կարող են յուր առաջարկությունը մերժել, իրան էլ այդպիսով ծաղրել ու վիրավորել, թողեց այդ որոշումը։
-Զենքի ուժով կառնեմ և կհատակեմ այս ամրոցը,-ասաց նա վերջապես և հրաման տվավ զորքին նոր և սաստկագույն հարձակման պատրաստվելու։
Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Բեշիրը նորեն յուր զորքերով դեպի բերդը դիմեց։ Նորեն նետաձիգներն ու պարսպահարները իրանց գործն սկսան։ Բացի այդ, պաշարյալները երկյուղով տեսան, որ փայտակերտ աշտարակն ու ահագին կրիան, որոնց նախընթաց օրը թողել էին պարիսպներից հեռու (որովհետև հույս ունեին ավելի թեթև գործիներով պարիսպները փլցնել), արդեն մոտեցնում են` առաջինը պարիսպներին, իսկ երկրորդը բուրգերից մինին։ Նրանց երկյուղը ոչ թե աշտարակի ու կրիայի տալիք հարվածներից էր, այլ այն մտատանջությունից, թե չլինի՞ այդ