Չնայելով որ հրշեջները իրանց տկերը դատարկելով աշխատեցին հրդեհը հանգցնել, այնուամենայնիվ բոցը լափեց խոյի ծածկն ու կախարանը և գործին անպիտանացած ընկավ գետնի վրա։
Ոչնչացած խոյին փոխարինեց մի ուրիշը, որի ծածկը պատած էր թրջած թաղիքով և տամկացած կաշիներով։ Ամրոցականները նրա դեմ էլ սկսան մրցել համապատասխան հնարներով։
Իսկ քարեր արձակող բաղիստրների դեմ միայն մի միջոց ունեին նրանք. այն է` չվաններով կապում ու կախում էին պարսպից խոտի ահագին խուրձեր, որոնց դիպչելով` բաղիստրի ռումբը կորցնում էր յուր թափի զորությունը և այդպիսով անվնաս դառնում պարսպի համար։ Բայց թշնամին յուր երկարաբուն ջահերով վառում էր այդ խուրձերը, որից հետո ամրոցականները չվանը կտրելով` վայր էին ձգում հրդեհված խոտը և ուրիշ խուրձեր փոխարինում նրանց։
Մինչդեռ թշնամին մի կողմից յուր պարսպահար գործիներով աշխատում էր պարիսպներն ու պատնեշները փլցնել, մյուս կողմից նրա ավելի խիզախ խմբերը սանդուղքներ ու վերելակներ էին ամրացնում պարսպի ու աշտարակների վրա և աշխատում էին դեպի վեր բարձրանալ։ Նրանք վահանները գլխներին և սուրը ձեռքներին բռնած` մագլցում էին այդ սանդուղքները և զարմանալի արիությամբ դեպի վեր սուրալով` աշխատում էին զոռով ներս թռչել դեպի ամրոցը։
Բայց հայ զինվորները ժամանակ չէին տալիս այդ քաջերին։ Երկաթե ահագին ձողերով, սվիններով և նիզակներով շարունակ հարվածում, վայր էին գլորում նրանց կամ երկաթե ժանիքավոր կարթերով նրանց գլուխն ու մարմինը շամփրելով` դեպի վեր էին քաշում և չարաչար սատակում։ Շատ տեղ էլ սանդուղքները գլորելով` գետին էին թոթափում վրան մագլցողներին։
Թշնամու հարձակումն անընդհատ շարունակվում էր: Թե՛ դրսից և թե՛ ներսից կռվում էին կատաղությամբ։ Ոչ մի կողմը տեղի չէր տալիս մյուսին։ Նետերի տարափ էր, որ տեղում էր վերից֊վայր և հակառակ. սվիններ ու գեղարդներ