Հագարացիները այդ տեսնելով հուսահատության աղաղակ բարձրացրին, մինչդեռ հայերն ուրախության ու ցնծության ձայներ էին արձակում: Թեպետ հրշեջների խումբը շրջապատեց իսկույն վառվող աշտարակը և թափեց նրա վրա յուր այծատիկների ջուրը, սակայն կրակը հանգցնել չկարողացավ։ Բոցեղեն լեզուները, որոնք գետնի միջից անընդհատ ծառանալով շրջապատել էին աշտարակը, գրեթե կես ժամում այրեցին ու մոխիր դարձրին նրան` յուր մեջ ունեցած զենքերով ու զորքերով։
Աշտարակից ավելի լավ բախտի չհանդիպեց կրիան, որ գլխավոր բուրգին մոտեցնելով կամենում էին նրա ներքին հարկը խրամատել։ Կրիան մի քառակուսի և լայնադիր տախտակամած էր, մի քանի կանգուն բարձրությամբ, հաստատված ութ ստվար անիվների վրա և չորս կողմից պատած անեփ ու թաց կաշվով, որ նրան վերին կողմից ազատ էր պահում հրդեհից։ Այդ ծանրաշարժ գործին առաջ էին մղում գլանների վրա ձգած տախտակների վրայով։ Բուրգին կամ պարսպին մոտեցնելուց ետ, նրա տակ մտնում էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք և բրերով ու նիգերով սկսում էին քանդել պատվարը, չվախենալով ամրոցական հարվածներից, որովհետև հաստաշեն տախտակամածը պաշտպանում էր նրանց։
Սակայն բյուրականցիք ուրիշ հնար էին մտածել նրան կրակելու համար։ Հենց որ հագարացիք առաջին փոքրիկ խրամատը բացին, իրենք այդ տեղով սկսան թափել ահագին քանակությամբ թեփախառն նավթ։ Հեղուկը հոսելով լճացավ կրիայի տակ. ապա մի ակնթարթում կրակեցին նրանք այդ հեղուկը հենց խրամատի բերանում։ Բոցը ծավալվելով մտավ կրիայի մեջ։ Պարսպահար գունդն սկսավ փախչել, շատերն էլ կրակից բռնվեցան, իսկ կրիան մնաց բոցեղեն լեզուների մեջ։ Այդ միջոցին բուրգի վերևից սկսավ տեղալ նետերի սաստիկ տարափ այն խիզախ խմբերի վրա, որոնք կարթավոր չվանները ձեռքներին մոտենում էին կրիային` կրակների միջից նրան ազատելու համար։ Այդ անել, իհարկե, թույլ չտվին նրանց հայերը, և կրիան հետզհետե այրվելով դարձավ մի մոխրակույտ։