Զորապետի կատաղությանը չափ չկար։ Արաբական նժույգը հեծած, սուսերամերկ և սրարշավ նա դիմում էր մերթ այս և մերթ այն կողմը, և ահեղ որոտալով` առաջ էր մղում մարտիկներին, ոմանց թշնամանում, ոմանց խրախուսում էր. հայ կտրիճներին օրինակ էր տալիս նրանց. վառում, բորբոքում էր պատերազմը։ Բայց բոլորն իզուր, բոլորն ապարդյուն։ Հայոց նետերն ու կրակը ահագին կոտորած էին անում նրա զորքի մեջ։ Շատերը նրանցից ձգում, փախչում էին և զորավարի հրամանն ու սպառնալիքը չէր վերադարձնում դասալիքներին։
Վերջապես մի քանի ժամվա կատաղի կռվից ու խիզախ հարձակումից ետ Բեշիրը հրաման արավ զորքին նահանջ տալու և բանակատեղը դառնալու։
Այդպես էլ կատարվեցավ։
Իսկ բյուրականցիք ուրախության աղաղակներով ծաղր ու ծանակ էին անում նրանց։
Այդ գիշեր թշնամու բանակը կարծես սուգի մեջ էր, մինչդեռ Բյուրականը ջահերով ու ղամբարներով լուսավորված` հաղթության տոն էր կատարում։
Հետևյալ երկու օրը թշնամին հարձակում չարավ, որովհետև զբաղված էր յուր վնասները դարմանելու և նոր զորախմբեր կազմելու հոգսերով։
Երրորդ և հետևյալ օրերը նա շարունակ հարձակվում և մի քանի ժամ անհաջող կռիվ մղելուց ու հարյուրավոր հոգիներ կորցնելուց ետ վերադառնում էր բանակ։
Յոթ օր անցավ այսպես և սակայն Բեշիրը չկարողացավ Բյուրականն առնել։ Ութերորդին` նա պատրաստվում էր բանակը վերցնել և հեռանալ, երբ մի դժբախտ ու անակնկալ դեպք հայոց բախտի անիվը դարձուց։
Սոլոմոն ճգնավորի բերած զորքերից երկու հոգի, որոնք պահանորդ խմբից էին, վեճի բռնվեցան կաթողիկոսարանի թիկնապահների հետ։ Վեճը կռվի փոխվելով` բյուրականցիները նորեկներին ծեծեցին։ Վերջիններս առանց իրանց առաջնորդի խնդիրն ու թախանձանացը ուշադիր լինելու` դիմեցին վեհարան` կաթողիկոսին գանգատվելու։ Սահակ եպիսկոպոսը դիմավորեց նրանց և յուր քաղցր խոսքերով ու հորդորներով