-Մինչև անգամ կարող ենք մեզ հարստացնել...
-Բայց ի՞նչ պիտի անենք։
-Բեշիրը հո ամրոցը վերջ ի վերջո պիտի առնե:
-Այո՛։
-Հn բոլորին պիտի կոտորե։
-Այո՛։
-Է՜, եթե մենք կենդանի մնանք, բյուրականցիներին ի՞նչ վնաս։
-Իհարկե ոչինչ։
-Ուրեմն ես կերթամ այս գիշեր Բեշիրի մոտ:
-Հետո՞։
-Կխոսեմ նրա հետ։ Եթե նա կհամաձայնի տալ մեզնից յուրաքանչյուրին հարյուրական ոսկի, այլև Ոստանում հարյուր արտավար հող, մենք ամրոցը կհանձնենք նրան...։
Պահանորդ զինվորի աչքերն ուրախությունից փայլեցին։ Ո՛չ խիղճը, ո՛չ եղբոր թշվառությունը չշարժեցին այդ վայրկենին նրա սիրտը, որ հրճվում էր ապագա հարստության երջանկության հուսով։
-Գնա՛. իսկ ես կբանամ աշտարակի փոքր անցքը... Ամրոցում ո՞վ կարող է իմանալ, թե մենք առաջնորդնցինք Բեշիրին... չէ՞ որ շատ տեղերում կան անցքեր և պահանորդներ...
Ասացին և կատարեցին։
Կեսգիշերվա մեջ հագարացիների փողը հնչեց ամրոցում։ Հայոց զորքն ու ժողովուրդը, որ հանգիստ քնած էին, և չէին երազում, թե հաղթված թշնամին կհամարձակվի մոտենալ բերդին, սարսափահար վեր թռան տեղներից։ Աղմուկն ու աղաղակը բռնեց ամեն տեղ. հագարացիները կոտորել սկսան... Չնայելով որ հայոց զորքը զենքի դիմեց իսկույն, չնայելով որ Թեոդորոս սարկավագն ու Սոլոմոն ճգնավորը սրերը ձեռքներին զորքի առաջն անցան, ահավոր ձայնով խրախույս կարդացին և սկսան կռվել ներս խուժողների դեմ, այսուամենայնիվ նրանց ընդդիմությունը չկարողացավ ընկճել թշնամու զորությունը, որ գնալով աճում և ամեն տեղ գրավում էր, որովհետև ամրոցի մեծ դռները