Էջ:Muratsan, vol. 4.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աշխատեց զինվորների սիրտը ամոքել, բայց վերջիններս անդրդվելի մնացին. նրանք կամենում էին կաթողիկոսին տեսնել։

Երբ վերջապես եպիսկոպոսը հայտնեց, թե կաթողիկոսը Բյուրականում չէ, հետևապես նրան տեսնել չեն կարող, պահանորդ զինվորները կարծես սառեցան։

«Ի՞նչ, ուրեմն մենք մեր կաթողիկոսին չէի՞նք պաշտպանում. ուրեմն մեր անձը վտանգի էինք ենթարկել մի քանի թշվառ բյուրականցիների՞ համար...», ասացին նրանք եպիսկոպոսին և առանց այլևս ուշադիր լինելու նրա խոսքերին, իրանց տեղը վերադարձան։

Նույն ավուր երեկոյան սև խորհուրդ հղացան այդ երկու հայերը, որոնք, դժբախտաբար, պահանորդ լինելով` ո՛չ եկեղեցումն էին գտնվել, ո՛չ եպիսկոպոսի քարոզը լսել և ո՛չ հաղորդություն առել։ Նրանց սրտերը ոչնչով չէին փափկացել այդ օրհասական օրերում։ Ընդհակառակը, դեռ ավելի խստացել ու անգթացել էին թե՛ պատերազմի արյան գոլորշիներով և թե՛ կաթողիկոսարանի թիկնապահներից կրած վիրավորանքով։

-Կաթողիկոսն ինքը փախել է Բագարան, իսկ յուր ժողովուրդը թողել թշնամու առաջ. օրինավո՞ր բան է այս,-հարցնում էր զինվորներից մինը մյուսին։

-Իհարկե, ոչ։

-Ինչո՞ւ ուրեմն մենք մեր գլուխը մահուն ենք տալիս։ Բեշիրը երբ էլ լինի, Բյուրականն առնելու և մեզ ամենքիս սուր է քաշելու։ Եթե կաթողիկոսը, որ հայր ու խնամակալ է, թողնում է ամենքին ու փախչում, մենք ինչո՞ւ չպիտի հետևենք նրա օրինակին։ Ո՞վ կպահե մեր կինն ու զավակները, եթե մենք սպանվինք։ Իհարկե՝ ոչ ոք։

-Ի՞նչ անենք ուրեմն, փախչե՞նք այստեղից,-հարցրեց ընկերը։

Առաջին զինվորը մի փոքր մտածեց և ապա շշնջալով ասաց.

-Մենք կարող ենք մինչև անգամ վրեժխնդիր լինել մեզ ծեծողներին։

-Ինչպե՞ս։