Այդ օրը, որ 924 թվականի ապրիլի 17-ն էր, միաժամանակ նահատակվեցին բոլոր այն գլխավորները, որոնք հակառակելով կաթողիկոսի հեռանալուն, իրենք մնացել էին Բյուրականում։ Դրանց թվումն էին և Մովսես վարդապետը, Դավիթ և Մովսես քահանաները, նրանց զինվորական Սարգիս եղբայրը և Սոլոմոն ճգնավորը։
Թեոդորոս սարկավագը, որ վիրավոր ընկած էր դիակների մեջ, մահվան հարված ստացավ մի սինլքոր զորականից։
Բեշիրը Բյուրականն ավերելուց ետ մեծ ավարով ու բազմաթիվ գերիներով վերադարձավ Դվին։
Ներկայացնելով ոստիկանին երկու հայ մատնիչներին, զորապետը խնդրեց Նսըրին՝ վարձատրել նրանց։
Եվ Նսըրը, արդարև, ըստ արժանավույն գնահատեց այդ թշվառականների մատուցած ծառայությունը։
-Ձեր վարձատրությունը կլինի այն, ինչ որ ստանում են առհասարակ բոլոր մատնիչները,-ասաց նա զինվորներին.-դուք, որ չկարողացաք հավատարիմ մնալ ձեր տերերին ու հավատակիցներին, հարկավ, մեզ ավելի ևս անհավատարիմ կլինիք։
Այս ասելով նա հրամայեց դահիճներին իսկույն ևեթ գլխատել նրանց։
Ե
ՀԵՐՈՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Մի քանի օր էր ինչ Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը վերադարձել էին Գառնի: Նրանց առաքելությունը, ինչպես իմացանք, ապարդյուն էր անցել։ Ո՛չ Աբաս արքաեղբայրը, ո՛չ Աշոտ սպարապետը, ո՛չ Գագիկ Արծրունին չէին կամեցել միության մեջ մտնել։ Աղձնյաց ու Մոկաց տերերն էլ նրանց նայելով՝ մնացել էին ձեռնպահ։
Ի՞նչ պետք է անել այժմ։
Այս մասին էր մտածում իշխան Մարզպետունին, երբ լուր