Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխանական զորության մեջ չէ ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնվիրության մեջ. պիտի ապացուցանեմ, որ քսան անձնազոհ նահատակներն ավելի արժեն, քան քսան հազար զինվորներից կազմած բանակը... Օ՜ն ուրեմն, հառա՜ջ... Հայի աստվածը մեզ օգնական, հայի խաչը մեզ ապավե՜ն...»։

Տակավին իշխանը չէր վերջացրել խոսքը, երբ օրիորդ Շահանդուխտը իշխանուհիների խմբից ելնելով իջավ հովանոցից և մոտենալով ս. Մաշտոցի շիրմին, մեղմ ու անուշ ձայնով բացականցեց.

-Տեր իշխան, ներիր իմ համարձակությանը, որ, սակայն, ներշնչեց ինձ քո հրավերն ու երդումը... Կանանց հրամայված չէ խառնվել արանց գործերին և ոչ էլ մասնակցել մարտի արհավիրներին... Բայց ոչ ոք չի արգելիլ նրանց հայրենիքի համար մեռնել... Ընդունի՛ր և ինձ, աղաչում եմ քեզ, քո մարտիկների խմբում։ Դու ասացիր, թե «ով կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է...» արդ` ես կարող եմ և հարվածել, և նետահարել, ուրեմն և չեմ թաքչիլ պարսպի տակ։ Ընդունի՛ր ինձ քո խմբում, տեր իշխան, եթե ես պիտանի չլինիմ իբր զինվոր, պիտանի կլինեմ իբր հոգածու քույր, ես կկապեմ քո զինվորների վերքերը, երբ նրանք վիրավոր վերադառնան դաշտից...։

Օրիորդը, որ հուզմունքից շառագունել էր, արդեն նմանում էր այդ վայրկենին մի հրաշագեղ դիցուհու, որ իջնում էր երկնքից յուր սիրած մահկանացուի անիրավ ճակատագիրը ջնջելու։ Նրա գեղանի աչքերը կրակ էին թափում, կարմրալար շուրթերը դեռ դողում էին և պարկեշտ կուրծքը բարձրանում ու իջնում էր` տեղի տալով սրտի անհանգիստ տրոփյունին։

Այս անսպաս դիմումը այն աստիճան հուզեց իշխանին, որ նրա քարեղեն աչքերում արցունք ցոլացին։ Նա բացավ թևերը, առավ գեղանուն և սեղմելով կրծքին` ճակատը համբուրեց։ -Ո՛վ իմ դյուցազնասիրտ զավակ,-բացականչեց նա,