Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հուզմունքից արտասվելով.-դու պսակեցիր մեր ուխտը, դու անպարտելի կացուցիր մեր սուրը... Եթե հայոց աշխարհը քեզ նման ծաղիկներ ունի, ապա այս քաջերը թույլ չեն տալ, որ թշնամին նրա սահմանը կոխոտե... Քեզ իմ խմբի մեջ, սիրեցյալ զավակս, ընդունել չեմ կարող, որովհետև քո քնքուշ սիրտը, որ այդպես շուտ հաղթահարվեց իմ խոսքերից և մանավանդ թե առ հայրենիքդ ունեցած սիրուց, անկարող կլինի տոկալ մարտի արհավիրներին։ Բայց ես քեզ կհանձնեմ մի պաշտոն, որ նույնչափ ծանրակշիռ է, որչափ և զինվորությունը. դու արժանի ես նրան։

Այս ասելով իշխանը բռնեց օրիորդի ձեռքից, և մինչդեռ ամենքը հիացած նայում էին դյուցազնուհուն, նա հանեց նրան աստիճանների վրա և դառնալով ժողովրդին, բարձրաձայն հայտարարեց.

-Զինվորք և ժողովուրդ Գառնո. այս մանկամարդ իշխանուհին ձեր ամենքի հանցանքը քավեց, հայրենիքի փրկության համար նա յուր անձն է առաջարկում ողջակեզ... Անշուշտ դուք էլ ինձ նման չեք կամենալ, այդ զոհն ընդունենք, բայց նրա քույրերին խրախուսելու համար մենք նրան պիտի վարձատրենք. նա ապացուցեց, որ հարազատ ժառանգ է Սյունյաց դյուցազնոգի նախարարաց. մենք էլ պիտի ապացուցանենք, որ գիտենք մեծարել հայկազանց հարազատ նախարարազնի անձնվիրությունը։ Արքայի հրամանով ես Գառնո տերն ու բերդակալն եմ։ Իմ բացակայության ժամանակ այդ պաշտոնը ես հանձնեցի Մուշեղին. իսկ Մուշեղը, որովհետև մեր ուխտի մեջ մտավ արդեն, ուստի բերդակալության պաշտոնը հանձնում եմ այժմ Սյունյաց դյուցազնասիրտ օրիորդ Շահանդուխտին, որ կհսկե և կհրամայե այս ամրոցին դղյակի իշխանազունների խորհրդակցությամբ։ Շահանդուխտը իմ Գոռի հարսնացուն է, հետևապես և իմ տան ժառանգորդը. Գառնո այն զինվորը կամ բնակիչը, որ կհամարձակի նրա հրամանին անսաստել` այս սրին պատասխանատու կլինի...

Այս ասելով` իշխանը յուր սուրը կամարաձև բռնեց օրիորդի գլխին։

«Եվ մեր սրերի՛ն», բարձրաձայն որոտացին ուխտի զինվորները և սրերը միանվագ շողացրին օդի մեջ: