խոստովանությունն էր կարդում` յուր դեմ գործած հանցանքների համար), մոտեցավ նրան և ինքն էլ ժայռի վրա նստելով շարունակեց.
-Մի քանի ամիս է, ինչ քեզ հետ եմ ես, սիրելի թագավոր, և սակայն բոլոր այդ ժամանակ չկարողացա խոսել քեզ այն, ինչ որ անհրաժեշտ էր խոսել և ինչի մասին որ եկել էի քեզ տեսնելու։ Այժմ, սակայն, համարձակություն առա և կարող եմ խոսել։ Խնդրում եմ միայն չխանգարել ինձ, եթե մինչև անգամ իմ զրույցն անհաճո լինի քեզ։
-Խոսիր, ես լսում եմ։
-Գառնիում կարծում էի, թե հաշտվել եմ արդեն իմ վիճակի հետ. ուստի որոշեցի մոռանալ իմ անձը և նվիրվել հասարակաց բարվույն։ Այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն այն էր՝ որ գայի միանայի քեզ հետ, սփոփեի անհաջողություններից ու իշխանների տիրադրուժ վարմունքից վշտացած քո սիրտը և ստիպեի քեզ վերադառնալ Ոստան, դեպի քո գահն ու արքունիքը... Այնուհետև արդեն հեշտ կլիներ վերսկսել խանգարված գործերը. ժողովուրդն ու զորքը քո դարձին էին սպասում, դու կարող էիր օգտվել նրանց ձեռնատվությունից։
Այս մտքով ահա՛ ոգևորված՝ ես եկա Կաքավաբերդ։ Բայց քո սառն ընդունելությունը ինձ վշտացրեց։ Դու կարծեցիր, թե ես եկել եմ ծաղրելու քո պարտությունը Ցլիկ-Ամրամից... Քո այդ կասկածը բավական եղավ, որ նորեն իմ սիրտը տակնուվրա լինի, որ հին վերքերը նորոգվին... Եվ քանի դու շարունակում էիր քո սառնությունն ու անտարբերությունը, այնքան ավելի վառվում ու բորբոքվում էր իմ մեջ նախանձի դժոխքը... Եվ դրա հետևանքն եղավ այն, որ ես քո սիրտը ցավեցնել ուզելով` պատմեցի, թե ինչպե՛ս մեր բոլոր աշխարհը գիտակ է քո հանցավոր սիրույն, թե զորքն ու ժողովուրդը գրգռված են քո դեմ, թե իշխանական ընտանիքները երես են դարձրել մեզանից, թե հոգևորականությունը դատապարտում է քո վարմունքը... Ավա՜ղ, ես կարծում էի, թե այս հայտնություններով պիտի զգաստացնեմ քեզ... բայց չարաչար սխալվեցա։ Խոստովանում եմ` ես գործեցի իբրև թույլ կին, իբրև սիրող սրտի տեր։ Չկարողանալով տանել