Էջ:Muratsan, vol. 4.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Սիրում եմ անսահման սիրով։

-Բարի. ի՞նչ կարող է անել դրա դեմ մարդկանցից սահմանված օրենքը։ Կարո՞ղ է հրամայել, որ սիրելուց դադարես։

-Օրենքն` ընդհակառակը, սրբագործում է իմ սերը, որովհետև ևս սիրում եմ իմ օրինավոր ամուսնուն։

-Այդ մի դիպված է։ Իսկ եթե հանկարծ սիրելու լինեիր մի ուրիշի՞ն։

-Քրիստոնեական առաքինությունը, որին հետևել եմ միշտ, չէր թույլ տալ ինձ մտածել ապօրինի սիրո մասին։ Իսկ երբ մարդ չէ մտածում ապօրինության վրա, ապօրինի գործ էլ չԷ կատարում երբեք։

-Մտածության համար սահման որոշելն անկարելի է։ Ի՞նչ անե այն սիրտը, որին բնությունը հրամայել է սիրել նրան, որ օրենքով իրան չէ պատկանում։

-Այդ միևնույնն է, եթե ասես. «ի՞նչ անեն գողերը ու ավազակները, որոնց սիրտը ցանկացել է հափշտակել ուրիշի ունեցածը...»։ Կարո՞ղ ես միթե արդարացնել այդ ավազակներին, երբ քո հարստահարյալ հպատակը հանե նրանց քո դատաստանի առաջ։

Այդ խոսքերը խոցեցին թագավորի սիրտը, որովհետև հարվածն ուղղված էր բուն վերքին... Նա լռեց մի քանի վայրկյան։

-Էլ ուրիշ ասելիք չունի՞ս,-հարցրեց թագուհին մեղմությամբ։

-Ուրիշ ասելի՞ք. ինչպե՛ս չէ, ունիմ։

-Խոսի՛ր ուրեմն։

-Լսի՛ր դատավորը աչառո՞ղ պիտի լինի, թե՞ անաչառ։

-Անշուշտ` անաչառ:

-Ավազակին պետք է պատժե՞լ, թե՞ վարձատրել։

-Իհարկե պատժել։

-Ինչու՞ ուրեմն դու կամենում ես վարձատրել նրան, երբ անաչառ դատավորը հրամայում է պատժել։

-Ի՞նչ ես ուզում ասել, չեմ հասկանում։

-Չե՞ս հասկանում. բայց ես պարզ խոսեցի։

-Ո՞վ է ավազակը և ո՞վ դատավորը, ու՞մ համար եմ