Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարողացավ քեզ հարվածել,-հարցրեց թագուհին խորհրդավոր եղանակով։

Թագավորը չպատասխանեց. տխուր ժպիտը միայն նրա շուրթերը շարժեց։

-Դու չե՞ս կամենում խոսել,-հարցերեց թագուհին։

-Չեմ կամենում քո սիրտը վշտացնել,-պատասխանեց թագավորը` շարունակ ծովակին նայելով։

-Աստվա՜ծ իմ,-բացականչեց թագուհին.-մի՞թե դու իմ սրտի մասին ես մտածում... այդ արդեն չափազանց է, սիրեցյալ ամուսին, ես ուրախությունից կարող եմ խելագարվել։

-Այո՛, մտածում եմ...։ Կան ճշմարտություններ, որոնք որքան էլ դառնագույն, այսուամենայնիվ, տղամարդը կարող է լսել համբերությամբ, բայց կնոջ ականջը չի հանդուրժել նրանց։

-Օ՛ն ուրեմն, փորձիր իմ քաջությունը։

-Բարի. լսի՛ր ուրեմն ինձ։

Այս ասելով թագավորը դեմքը դարձուց թագուհուն և շարունակեց.

-Մի փոքր առաջ հարցրիր, թե ո՞վ է այն որսորդը, որ այնքան ուժգին առյուծի սիրտը հարվածեց... այժմ պիտի ասեմ, թե ո՛վ է նա։ (Թագուհին լսողությունը լարեց)։ Այդ աննկուն որսորդը կնոջ սերն էր...

-Ո՞ր կնոջ...-ընդհատեց հանկարծ թագուհին։

-Դու արդեն քո քաջությունը կորուսիր,-նկատեց թագավորը։

-Շարունակի՛ր, ես այլևս չեմ խանգարիլ.-հարեց թագուհին և գլուխը կախեց։

-Մենք, սիրելի բարեկամ, թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում,-շարունակեց թագավորը.-իզուր են մարդիկ օրենքներ դնում և կարգեր սահմանում` կառավարելու համար այն, ինչ որ ինքը բնությունը պիտի կառավարե և որի միահեծան տիրապետն է նա...։ Մարդկային սրտերի մասին է խոսքս...։ Դու ինձ սիրում ես, այնպես չէ՞:

-Ինչու՞ համար է այդ հարցը։

-Պատասխանիր, սիրո՞ւմ ես թե ոչ։