քավել նրանց։ Եվ ես ահա եկել, մտել եմ Սևանի` իմ ապաշխարության վայրը։ Իզուր ես կարծում, թե ես հեռացա Կաքավաբերդից նրա համար, որ դու իմ սառն ընդունելությունից վշտացած` պատմեցիր, թե աշխարհը պիտակ է իմ հանցավոր սիրույն, թե ժողովուրդը գրգռված է իմ դեմ, թե իշխաններն ու հոգևորականությունը դատապարտում են ինձ, և այլն։ Ո՛չ, դրանց պատճառով չհեռացա, ոչ էչ հուսահատությունն ինձ հալածեց։ Այլ խիղճը, իմ ներքին մարդը... Հանգիստ լիներ խիղճս, արդար լինեին իմ գործերը, այն ժամանակ թեկուզ բոլոր աշխարհը կանգներ իմ դեմ, ես չէի ընկճվիլ. ոչ էլ հուսահատությունը կարող էր իմ հոգին հաղթահարել... Բայց խղճի անղոք խայթերին ես դիմադրել չկարողացա։ Ինձ հալածեցին, մանավանդ, քո տխուր աչքերը, վշտալի հայացքը, դալկահար դեմքը... Ես փախուստ էի տալիս քեզանից. այո՛, բայց ոչ թե նրա համար, որ ատում էի քեզ, այլ նրա համար, որ ամեն մի քեզ տեսնելիս սիրտս տակնուվրա էր լինում. ամոթն ու խիղճը տանջում էին ինձ չարաչար։ Վերջապես ես եկա այստեղ իմ վշտերը թաքցնելու և հանցանքները լալու։ Կարծեցի, թե այս անգամ կհեռանաս ինձանից և կերթաս Ոստան, ուր դու դեռ հավատարիմներ ունես։ Բայց իմ հույսը պարապ ելավ. դու չկամեցար թողնել ինձ իմ վշտերի հետ, դու հետևեցիր ինձ իբրև ամուսնասեր կին և ապացուցեցիր հարյուրերորդ անգամ, թե ես արժանի չէի քո սիրույն, թե բախտը իզուր էր կապել մեզ միմյանց հետ... Այս բոլորը գիտենալուց ետ, սիրելի տիկին, անկարելի է ինձ այլևս մտնել այն աշխարհը, որտեղից խիղճս ինձ հալածեց. թո՛ղ ինձ այս ապաշխարանաց վայրում. գուցե կարողանամ իմ մեղքերը քավել. գուցե կարողանամ իմ հոգին գեհենից փրկել...։
-Միթե ավելի հաճելի չի՞ լինիլ աստծուն, եթե դու հանցանքդ քավես ուրիշներին բարիք անելով,-հարցրեց թագուհին։
-Ինչպե՞ս չէ, այդ ավելի հաճելի կլինի նրան. զի լավ է բարիք գործել` քան անօգուտ տեղը լալ։
-Է՛հ, ուրեմն դարձի՛ր աթոռդ, ձե՛ռքդ առ կառավարության ղեկը և փրկի՛ր ժողովուրդը` սպառնացող վտանգներից։