Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Անցյալը հիշելով ոչինչ չես շահիլ,-ասաց թագուհին.-մոռացի՛ր այն և աշխատիր մեր ներկա վիճակը բարվոքել:

-Անցյալը մոռանա՞մ... մի՞թե կարելի, մի՞թե հնարավոր է այդ,-բացականչեց թագավորը։-Երկնքի աստղերը կկողոպտեի` վարձատրելու համար այն մարդուն, որ կկարողանար մոռացնել տալ ինձ իմ անցյալը... որ յուր դեղերով կամ կախարդական հմայությամբ հնար կգտներ իմ հիշողությունները բթացնելու։ Մոռանա՞լ.. Այո՛, այդ եմ կամենում. այդ է իմ միակ փափագն ու ցանկությունը։ Բայց ո՞վ կարող է լրումն տալ այդ ցանկության։ Օ՜, ինչպես երջանիկ կլինեի, եթե կարողանայի չհիշել այլևս այն, ինչ որ կատարվել է... Այն, որի հիշատակը բազմագլխյան վիշապի պես կրծում, կեղեքում է իմ խիղճը... Կարո՞ղ եմ միթե մոռանալ, որ ես Սևադայի, իմ բարյացապարտ ազգակցի տունն ավերեցի` հորն ու որդուն միասին կուրացնելով... Կարո՞ղ եմ մոռանալ, որ ես Ամրամի, իմ հավատարիմ զինակցի ընտանիքը կործանեցի, նրա խաղաղության օթևանը դժոխքի փոխարկելով.. Կարո՞ղ եմ մոռանալ, որ ես քո կյանքը թունավորեցի` կաթոգին սերդ անարգելով, երջանկությունդ կապտելով... Ո՞րը նրանցից կարող եմ ես հիշել կամ ո՞րն արդյոք մոռանալ... Գուցե ա՞յն, որ այս չարիքների շնորհիվ իմ իշխանների առ գահն ունեցած հավատարմությունը կորուսի և նրանց միությունը խանգարեցի, թե՞ այն, որ Ամրամի ապստամբությունը գրգռելով` հյուսիսային գավառներից զրկվեցա և թե վերջապես, այն, որ ռազմական ուժերս թուլացնելով` իմ երկրի սրտում հագարացոց բռնակալությունը հաստատեցի...։ Ասա՛, իմ սիրելի, սրանցից ո՞րը մոռանամ, կամ ինչպե՞ս չհիշեմ, որ այս ամենը կատարվել է մի հանցավոր սիրո, մի տմարդ օրինազանցության պատճառով...։ Ո՛չ, ես արժանի չեմ ներման, մի՛ աշխատիր մոռացնել տալ ինձ մեղքերով լի իմ անցյալը։ Ես քրիսոնյա եմ և խիղճ ունիմ. այդ խիղճը տանջում է ինձ. նրա ձայնը խլացնում է իմ հոգվո լսելիքը. նա հրամայում է ինձ` հեռանալ արքայական գահից, փառքերից, պերճությունից և քաշվել, առանձնանալ մի անապատ, լալ այնտեղ իմ մեղքերը և խստամբեր ճգնությամբ