Է
ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ
Կեսօր էր։ Ցամաքաբերդի ձկնորսները ուռկան էին ձգում ծովակը` Գեղամա համեղ ու բազմազան ձկներից որսալու, երբ Գևորգ Մարզպետունու հեծելախումբը հասավ այդտեղ։ Իշխանը զարմացավ` տեսնելով, որ ձկնորսները փոխանակ լաստերով դեպի լճի խորը գնալու, շարունակ նրա եզերքն են պտտում, որով հաջողակ որս չպիտի կարենային անել։ Բացի այդ, լճի վրա կամ եզերքում ոչ մի լաստ կամ նավակ չէր երևում։ Այդ հանգամանքը շարժեց նրա հետաքրքրությունը, մանավանդ որ իրան այն միջոցին լաստ էր հարկավոր դեպի կղզին ուղղվելու համար։
Իշխանի հարցին` թե «ու՛ր են ձեր նավակները», ձկնորսները պատասխանեցին.
-Արքայից հրաման եկավ, որ ոչ ոք եզերքում լաստ կամ նավակ չպահե, այդ պատճառով ամեն ոք յուր ունեցածը ծածկել է գյուղում։
Իշխանը գուշակեց, որ թագավորի հրամանը տրված է` թշնամիների մուտքը դեպի Սևան արգելելու նպատակով։ Այսուամենայնիվ պատվիրեց, որ իրանց համար նավակ իջեցնեն ծովը. բայց ձկնորսները դժվարացան։
-Թագավորը մեզ կկախե, եթե համարձակվենք նրա հրամանն անարգելու,-ասացին նրանք և խնդրեցին` չստիպել իրանց անհնազանդ գտնվել արքայի առաջ։
Իշխանը չպնդեց. բայց հրամայեց նշան տալ կղզեցիներին` լաստ ղրկել իրանց համար, իսկ մինչև այդ հյուրասիրել յուր հեծյալներին Գեղամա թարմ ձկներով։
Ծովափը պատող ժայռերի վրա ձկնորսները կրակ վառեցին իսկույն։ Բոցը բորբոքվելով ծառացավ, բարձրացավ դեպի վեր: Այդ էր այն նշանը, որով կղզեցիներից լաստ էին խնդրում եզերքում եղողները։ Շուտով կղզու պարիսպներից դուրս ելան երկու սևազգեստներ, որոնք դեպի նավամատույցը հառաջանալով` լուծեցին այդտեղ կապած լաստերից մինը և դեպի ծովի խորը մղեցին։