Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Մի ասիր այդ, տեր արքա. բախտը կարող է վանդակի մեջ փակել առյուծին, բայց նրա սիրտն ու կորովը կապտել չի կարող։ Ապրիր դու այստեղ, մինչև որ քո ծառան վանդակը դարբնող ձեռքերը կփշրե...։

-Իմ քաջ, իմ ազնիվ իշխան, վանդակը դարբնել են...

Նա կամենում էր ասել` «այնպիսի ձեռքեր, որոնց եթե փշրեիր, ինձ հավիտենական վիշտ պիտի պատճառեիր...», բայց նա ընդհատեց խոսքը և վեր կացավ տեղից հանկարծ.

-Ու՞ր են քո քաջերը, գնանք նրանց մոտ։ Այդ հերոսներն արժանի են, որ թագավորը նրանց ընդառաջե և ոչ թե իրանք գան նրա կոչին։

Այս ասելով թագավորն առաջ անցավ և իշխանը հետևեց նրան։

Բարապանն արդեն ուրիշ ճանապարհով վազեց դեպի ուխտավորների կացարանը խմբի անդամներին արքայի գալուստը հայտնելու։

Վահրամ սեպուհի հրամանով նրանք դուրս եկան իսկույն իրանց խուցերից և սպառազինված շարվեցան կղզու ծառազարդ տափարակի վրա։

Թագավորն ու իշխանը իջնում էին բլրի կողմից: Երբ նրանք հասան ս. Աստվածածնի տաճարին և խոտորվեցան դեպի տափարակը, ուխտի զինվորները միաձայն որոտացին՝ «Կեցցե՜ թագավորը»։

Այդ գոչյունը հուզեց արքային: Որքա՜ն ժամանակ էր, որ նրա ականջին չէր հնչել այդ ձայնը. որքա՜ն ժամանակ էր, որ նրան ոչինչ չէր հիշեցնում, թե ինքը հայոց թագավորը, Հայաստանի իշխանապետն է, թե դեռ այդ երկրում կան մարդիկ, որոնք հավատարիմ են իրան և որոնց ինքը կարող է հրամայել...։ Ճգնազգյաց միաբանների ընկերակցությունը, նրանց հանապազօրյա պաշտամունքերը, որոնց գրեթե միշտ ներկա էր լինում ինքը, կղզու անշարժ ու խաղաղիկ կյանքը և նրա հետ միասին էլ յուր ծանրագույն վշտերը` ամեն ինչ մոռացրել, ամեն կենդանություն մեռցրել էին յուր մեջ։ Նրան թվում էր, թե բոլոր աշխարհը քնած է Սևանի պես, թե ոչ մի տեղ այլևս չկա կենդանություն, թե մահը յուր թևերը տարածել է արդեն համայն հայոց վրա...։