Էջ:Muratsan, vol. 4.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ի՜նչ կարող են անել քսան հոգիները թշնամու ահավոր զորության առաջ։

-Իմ քսան հոգիներից յուրաքանչյուրը կարող է վանել հարյուր հագարացի։ Եթե հոգնախումբ բանակների դեմ չկարողանանք, գոնե նրանց ուժը ջլատել կամ կարգը խանգարել կարող ենք միշտ։

-Այդպիսով շատ փոքր օգնություն կարող ես անել հայրենիքիդ։

-Ամեն մեծ գործ նախ փոքրով է սկսվում։

-Ուրեմն դու հույս ունիս, թե վերջ ի վերջո պիտի հաղթանակե՞ս։

-Երկուսից մինը. կա՛մ կհաղթանակեմ, կա՛մ թե իմ խմբով իսպառ կջնջվեմ։ Ես չեմ կարող նստել իմ բերդում և իմ կյանքը խնամել այնպիսի մի ժամանակ, երբ թագավորը գահը թողած՝ ճգնում է Սևանում, երբ կաթողիկոսը աթոռը կորցրած՝ թափառում է աստանդական, երբ ժողովուրդը հազարներով ճարակ է դառնում թշնամուն... Եթե իմ եղբայրակիցները մեռնում են, ես ինչու՞ պիտի ապրեմ. մի՞թե նրանց կորուստը ողբալու համար: Այդ վայել է կանանց, բայց երբե՛ք այն մարդուն, որի բազուկը դեռ կարող է սուր շարժել, որի ձայնը դաշտում կարող է որոտալ...

Թագավորն աչքերը հառած նայում էր իշխանի վրա, որ խոսում էր ինչպես մարմնացյալ հայրենասիրություն. նրա սիրտը հուզվում էր, նա կամենում էր գրկել և համբուրել այդ քաջին և միևնույն ժամանակ կամենում էր ասել.-«Որքան երջանիկ ես դու, Գևորգ իշխան, որ կարող ես իբրև հասարակ զինվոր մարտնչել հայրենիքի համար... իսկ ես զրկված եմ նույնիսկ այդ մխիթարությունից...»։

-Ինչու՞ ուրեմն եկար Սևան,-հարցրեց թագավորը յուր հուզումը ծածկելով։

-Իմ արշավանքն սկսելուց առաջ արքայի հրամանն ու օրհնությունն ստանալու եկա։

-Իմ քա՜ջ և հավատարիմ իշխան, դու ուրեմն փառքն անգամ չես կամենում առանց քո արքայի հրամանին վայելել... Դու արժանավոր զինակից հանդիսացար ինձ, բայց ես, ավա՜ղ, քեզ անարժան թագավոր...։