Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Յուր իսկ պաշտպանության,-պատասխանեց պատանին շառագունելով։

-Այո՛, հայրդ ինձ պատմեց։ Նրա պաշտպանության է հանձնված և Գառնին։ Սյունյաց օրիորդը արժանի է այդ պաշտոնին։ Երբ այր մարդիկ կռվում են դաշտում, կանայք կարող են բերդերը պաշտպանել... Թեպետ ցավալի է, որ հայոց երկիրը միայն քսան տղամարդ է դաշտը հանում այսօր. բայց մյուս կողմից էլ ուրախալի է, որ այդ քսան քաջերին հետևում է մի կին. և որ այդ կինը իմ որդեգրուհին և Գոռի հարսնացուն է...։ Գնա՛, իմ քաջ, արժանի՛ եղիր քո մրցանակին։

Այս ասելուց հետ թագավորը մոտեցավ մյուս զինվորներին, բոլորի հետ խոսեց, բոլորին էլ քաջալերեց և ապա դառնալով Մարզպետունուն, առաջարկեց նրան միացնել յուր խմբին Սևանում գտնված զինվորների կեսը։

Իշխանը հրաժարվեցավ արքայի առաջարկությունից, չկամենալով նվազեցնել նրա թիկնապահների թիվը:

-Վտանգի միջոցին մենք կարող ենք փախչել-, ասաց նա նրան,-բայց արքան այս կղզում խույս տալու տեղ չունի, անկարելի է մի զորական անգամ հեռացնել այստեղից։

Թագավորը գովեց յուր հավատարմի հոգածու զգուշությունը և ապա դառնալով նրան ու Վահրամ սեպուհին` ավելացրեց.

-Իմ իշխանները թողեցին ինձ միայնակ և ամոթահար, այդ պատճառով ես մտա Սևան իբրև կամավոր գերի։ Եթե դուք կհաջողիք ձեր ձեռնարկության մեջ և կկարողանաք սրբել այն արատը, որ դրին մեր դրոշի վրա տիրադրուժ իշխանները, այն ժամանակ ես նորեն կելնեմ իմ բանտից և կպսակեմ ձեր հաջողությունով իմ արշավանքներով։ Այս օրվանից իմ դրոշը ես կհանձնեմ ձեր խմբին. թո՛ղ նա ամեն տեղ ոգևորե այս քաջերին և հիշեցնի, որ թագավորը կալանավոր է Սևանում...

Այս ասելով թագավորը հրամայեց թիկնապահներին բերել արքայական դրոշը։

Խոր լռությունը տիրեց։ Ուխտի զինվորները