Էջ:Muratsan, vol. 4.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակնածությամբ սպասում էին թիկնապահների դարձին։ Երբ դրոշը երևաց, ամենքն իսկույն սաղավարտները հանելով միաբերան գոչեցին. «Կեցցե՜ Թագավորը»։

Վերջինս առավ դրոշակը թիկնապահների ձեռքից և հանձնելով այն Մարզպետունուն, ասաց.

-Այս դրոշի հետ միասին տալիս եմ քեզ իրավունք` գործել ամեն տեղ իմ կողմից և անունից։ Այս դրոշը իմ փոխարեն կլինի քո խմբին և՛ առաջնորդ, և՛ զինակից։ Նույն օրը ուխտի զինվորներին սեղանակից արին իրանց թագավորն ու թագուհին։ Իսկ հետևյալ առավոտ հեռացավ խումբը Սևանից` տանելով յուր հետ արքայական դրոշը և թագավորի, թագուհու և բոլոր միաբանության օրհնությունը։

Հասնելով Ցամաքաբերդ` ուխտի զինվորները ձիաները հեծան և Արարատյան դաշտի ճանապարհը բռնեցին։ Նրանց նպատակն էր հանդիպել Բեշիրի հրոսակներին, որոնք զանազան խմբերի բաժանված` շրջում էին այդ դաշտի անպաշտպան գյուղերը և ավարի տալիս նրանց։ Բյուրականի առումը և անխիղճ կոտորածն ավելի էր նրանց համարձակություն տվել և բարբարոսությունները գրգռել։ Այժմ անարգել առաջ էին գնում նրանք, չակնածելով բնավ հայ իշխաններից, որովհետև գիտեին, որ դրանք բերդերից չպիտի իջնեն և շինականի գույքն ու կյանքը պաշտպանելու համար իրանց անձը վտանգի մատնեն։

Արդ, Մարզպետունի իշխանը կամենում էր հանդիպել այդ հանդուգն հելուզակներին, որովհետև հույս ուներ, թե առանձին-առանձին պատահելով նրանց` կարող է շատերին ոչնչացնել։ Բայց հազիվ յուր հեծելախումբը Հրազդան գետն անցավ և ահա՛ գաղթականների մի բազմություն ընդառաջեց նրան։

-Որտեղացի՞ եք և ո՞ւր եք գնում,-հարցրեց նրանց իշխանը։

-Գեղա բերդիցն ենք, տեր,-պատասխանեց հաղթանդամ ու բարձրահասակ առաջնորդը.-գնում ենք Սյունյաց լեռներում ամրանալու։

-Ուրիշները դիմում են դեպի Գեղ, իսկ դուք փախչում