Էջ:Muratsan, vol. 4.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եք այստեղից. ի՞նչ է պատահել. ո՞վ է հարձակվում ձեզ վրա։

-Բեշիրը, տե՛ր։

-Ո՞վ ասաց ձեզ։

-Դվինից լուր ղրկեց կաթողիկոսարանի վերակացուն։

-Է՛, լավ, էլ ինչու՞ եք փախչում. չէ՞ որ Գեղա բերդն ամուր է բավական։

-Ամուր է, բայց զորք քիչ ունի։

-Թշվառականնե՛ր, եթե ամենքդ այդպես կփախչեք այնտեղից, իհարկե զորք չեք ունենալ. ինչի՞ համար է այդ հաղթ հասակը, եթե տագնապի րոպեին տուն տեղ պիտի ձգես. ե՛տ դարձեք այս վայրկենին, թե չէ ամենքիդ սուր քաշել կտամ։

Առաջնորդը նայեց յուր ընկերներին, կանայք ծածկոցները բանալով սկսան դիտել խոսող իշխանին, իսկ երեխաները վախկոտ նայվածքով նրանց շուրջը կծկվեցան։

-Ե՛տ դարձեք,-կրկնեց իշխանը-այստեղ եղող բոլոր տղամարդկանց պահակ պիտի կարգեմ Գեղա պարիսպների վրա։

Գաղթականներն սկսան աղաչել իշխանին՝ թույլ տալ իր անց շարունակել ճանապարհը, բայց Մարզպետունին մնաց անողոք։

-Տե՛ր, դու մեզ, ուրեմն, մատնում ես Բեշիրին. նա մի երկու օրից Գեղա բերդը պիտի գրավե,-խոսեց մի պառավ կին։

-Ես թույլ չեմ տալ, մայրիկ, որ Բեշիրը հասնե Գեղ. բայց եթե աստծուց վիճակված է քեզ մահ, ապա լավ է, որ տանդ մեջ մեռնես, քան թե օտարության մեջ։

-Ես ցավում եմ ոչ թե ինձ, այլ երիտասարդների համար։

-Նրանք թող իրանք պաշտպանեն իրանց։

Այս ասելով նա հրամայեց գաղթականների առաջնորդին ետ դարձնել ամենքին. իսկ ինքը յուր խմբին դառնալով ավելացրեց.

-Մեր ծրագիրը փոխվեցավ։ Ուղեկցենք այս փախստականներին