եփած ձկները, մի քանի կտոր խաշած միս և Գեղարքունյաց ընտիր պանիր։
Ընթրիքի վրա ոչ ոք չէր խոսում. ամենքը լուռ ուտում էին, բայց այդ ոչ այն պատճառով, որ ուշադիր էին իրանց քաղցը հագեցնելուն, այլ այն, որ ամենքն էլ մտածում էին սկսելիք գործի մասին, որ կարի հանդուգն և վտանգավոր մի ձեռնարկություն էր։
Երբ ընթրիքը վերջացավ, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և ասաց.
-Սիրելի քաջերս. աստված թշնամին մատնել է մեր ձեռքը, պիտի օգուտ քաղենք այս հաջողությունից։ Առավոտը` դեռ լույսը չբացված մենք կհարձակվենք թշնամու վրա։ Այս արդեն վճռված է։ Պառկեցեք ուրեմն և հանգստացեք, որպեսզի հոգնություններդ առնեք և վաղվա համար ուժերնիդ կազդուրեք, իսկ ես և Վահրամ սեպուհը կերթանք նախ թշնամու դիրքն ու բանակը հետազոտելու և ապա կբարձրանանք Գեղ, տեղացիներից հարկ եղած օգնությունը հայթայթելու։
-Թո՛ւյլ տուր, հայր իմ, որ ես ևս հետևեմ ձեզ,-ասաց Գոռ իշխանիկը։
-Ո՛չ զավակս. դու էլ պառկիր և հանգստացիր. զիվորը չպիտի զատվի յուր ընկերներից,-պատասխանեց իշխանը լրջությամբ, կամենալով հասկացնել որդուն, թե ինքը ոչ մի առավելություն չունի մյուսներից և, հետևապես, պիտի հնազանդե հոր ձայնին, ինչպես յուր ընկերները։
Գոռը ժպտալով գլուխը խոնարհեց։ Իշխանն ու սեպուհը թողնելով զինվորներին` ուղղվեցան դեպի բանակի կողմը:
Հովիտը, ուր զարկած էին թշնամու վրանները, ընկած էր երեք բարձրության մեջ։ Նրա հյուսիսային կողմը բարձրանում էին Գեղա դարևանդները. արևմտյան կողմից ընկած էր այն լեռնագոտին, որի վրա գտնվում էին ուխտի զինվորները. արևելյան մասը փակում էին բարձրադիր բլուրներ, իսկ հարավից բացվում էր Վեդիի դաշտը, ուր խոխոջում էր համանուն գետը։
-Եթե հարձակվենք այս կողմից,-ցույց էր տալիս իշխանը ձորահովտի հյուսիսակողմը,- այն ժամանակ կստիպենք թշնամուն փախչել դեպի հարավ։ Մեր գործը