Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիպի լինի հանկարծակիի բերել նրանց։ Ուրեմն ամեն հնար գործի պիտի դնենք՝ շփոթել թշնամուն և թույլ չտալ, որ կարգի գան կամ ճակատեն, որովհետև նրանց թույլ ընդդիմությունն անգամ կարող է մեր գործը խանգարել։

-Գլխավորը ջահեր ձեռք բերելն է. հենց որ մի երկու վրան կարողանանք վառել, սարսափը կտիրե ամենքին,- խոսել սկսավ սեպուհը,-սակայն այդ պաշտոնը գեղեցիները պիտի կատարեն, իսկ մերոնք պիտի հարվածեն։

Երկար խոսելուց և այս ու այն կողմը հետազոտելուց ետ՝ իշխանն ու սեպուհը վերադարձան զինվորների մոտ։ Նրանք ամենքն էլ քաղցր քուն էին մտել. բայց մի քանիսը եկողների քայլատրոփը լսելուց վեր թռան տեղներից։ Արթուն էր մի զինվոր, որ պահպանություն էր անում ձիաներին։

Գևորգ իշխանը տեսնելով Գոռին, որ գլուխը մի կոճղի հենած՝ անուշ մրափում էր, ակամա կանգ առավ նրա առաջ։ Լուսինը, որ սահում էր երկնակամարի վրա, պայծառ շողերը ծառերի միջից թափանցելով՝ լուսավորել էր պատանու գեղեցիկ դեմքը, ուր հանգչում էր այդ րոպեին մի հանգիստ և խաղաղ ժպիտ։ Պղնձե զրահը, որ պատում էր նրա առողջ կուրծքն ու թիկունքը, ոսկեդրոշ սաղավարտը, որ ծածկում էր տակավին նրա գեղեցիկ գլուխը, բայց չէր կարողանում ամփոփել յուր մեջ նրա հարուստ խոպոպիները, որոնք զարդարում էին պատանու ճակատն ու պարանոցը, և վերջապես կմբավոր, արծաթազարդ վահանակը, որ բռնած էր ձախ ձեռքում և որով, քնի մեջ անգամ, պաշտպանում էր նա յուր կուրծքը, փայլում էին լուսնի առաջ մեղմ ճաճանչներով։

Իշխանը սկսավ նայել որդուն. ծնողական սիրտը կարծես զգաստացավ մի երկարատև արբեցությունից. և մի տխուր զգացում սկսավ նրա սիրտը ճնշել։

«Գուցե իմ ձեռնարկությունը հաճելի չէ աստծուն. գուցե նա բարկանում է որ ես հանդուգն մտքեր են հղանում և խաղաղ քուն վայելող արարածների վրա անակնկալ հարձակումն եմ գործում... Գուցե նա ինձ պատժելու համար` հագարացիներից մինի սուրը մխե իմ այս միամոր որդու կողը և նրա կենաց արևը խավարեցնե... Եվ ես հավիտյան զրկվեմ