նրանցից... իմ կյանքի այս միակ մխիթարությունից... Օ՛, և տեսնեմ նրան արյունաշաղախ, ժպիտը գեղեցիկ դեմքի վրա սառած և սիրուն աչքերը հավիտյան փակված... Ո՛չ, անկարելի է. ո՞ր աստվածը այնուհետև կարող է իմ կսկիծը փարատել... և ի՞նչ լուր տանեմ ես նրա մորը. ի՞նչ երեսով նրան երևամ... Արդյոք մի անգութ, մի բարբարոս չե՞մ ես, ինչո՞ւ չարգելեցի նրան Գառնիում... ի՞նչ ուժ պիտի ավելացներ նա ինձ համար. մի՞թե մի հասարակ զինվոր չէր կարող նրա գործը կատարել. ինչո՞ւ կամեցա Մարզպետունյաց Տան վերջին ճրագը խավարեցնել... Չէ, սա պիտի հեռանա այստեղից, և կամ մեր արշավանքը պիտի հետաձգենք»...։
Այս մտքերն էին հուզում Մարզպետունու հոգին, երբ սեպուհը մոտենալով՝ զորավոր ձեռքը գրավ նրա ուսին և ասաց.
-Մենք ուշանում ենք, տե՛ր Մարզպետունի. այստեղ պառկած բոլոր զինվորները նույնպիսի մայրեր ունին, որպիսին ունի Գոռ իշխանիկը, գնա՛նք։
Սեպուհի այս խոսքը սասանեց իշխանին և նա կարծես անուրջից սթափվելով՝ բացականչեց.
-Գնա՛նք. թող բոլորի մայրերն էլ նահատակների ծնող հռչակվեն։
Այս ասելով՝ նա աշտանակեց յուր նժույգը և սեպուհի հետ միասին դեպի Ուրծաձորի լանջերն ուղղվեցավ:
Համաձայն կանխավ արած որոշման՝ իշխանը պիտի բարձրանար Գեղ, նրանցից օգնական մարդիկ բերելու, իսկ սեպուհը պիտի իջներ Վեդի ավանը և, եթե այդտեղ չհաջողվեր, անցներ Ճերմանիս և այնտեղից մարդիկ հրավիրեր։ Նրանց նպատակն էր՝ հայթայթել ոչ թե կռվող զորք, այլ միայն գոռացող ու աղմուկ հանող ամբոխ, որ գիշերային ժամում կարողանար սարսափ ազդել թշնամուն։
Ճիղին վտակի մոտ նրանք բաժանվեցան։ Իշխանը լեռան լանջերը բարձրանալով, դարձյալ սկսավ Գոռի վրա մտածել։ Բայց այս անգամ ոչ իբրև թուլասիրտ հայր, այլ իբրև հայրեն ասեր զինվոր:
«Մինչև այսօր բյուր մեզ նմանները զոհվել են թշնամու