Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ի՞նչ կա, տեր իմ. մի՞թե թշնամին մոտենում է արդեն,-սրտատրոփ հարցրեց բերդակալը։

-Ամեն մեկի հետ զատ-զատ խոսելու ժամանակ չունիմ. հավաքիր այստեղ ժողովուրդը, ասելիքս թող ամենքը լսեն,-պատասխանեց իշխանը։

Բերդակալի հրամանով զինվորներն իսկույն ազդարար շեփոր հնչեցրին ամրոցի անցքերում։ Բնակիչները սարսափահար վեր թռան տեղներից և յուրաքանչյուր տան կարող անձինքները դուրս թռան փողոց։

Կես ժամվա մեջ արդեն Գեղի բոլոր ժողովուրդը, ի բաց առնելով կանանց ու երեխայոց, հավաքված էր բերդի դռան հրապարակը։ նրանցից շատերը մինչև անգամ զինված էին սրերով ու նիզակներով։

Այստեղ հասան և այն զինվորները, որոնք պահպանություն էին անում բերդին։ Իշխանը հրամայեց նրանց ջահեր վառել, որպեսզի կարենային միմյանց երեսը տեսնել։ Ապա բարձրանալով ժայռի մի բեկորի վրա, սկսավ խոսել։

-Այսօր վերադարձրի Գեղ այստեղից փախչող բազմաթիվ անձանց։ Նրանք պատմած կլինեն ձեզ, որ մենք արքայի հրամանով եկած ենք թշնամու դեմ, որ բանակած է այժմ Վեդիի հովտում։ Այսքան մոտ չկարծելով թշնամուն, մենք բուն բանակից առաջ անցանք (իշխանը դիտմամբ ստեց` ամբոխին սիրտ տալու համար), բայց որովհետև թշնամին վաղը պիտի հարձակվի ձեր վրա, ուստի ես իմ խմբով որոշեցի շփոթել նրա բանակը հենց այս գիշեր։ Այդ մենք կանենք մեր անակնկալ հարձակումով։ Դուք ամենքդ մեզ պիտի օգնեք այս գործում, հավատացած լինելով, որ հաղթությունը մեր կողմը պիտի լինի։ Հակառակ դեպքում Գեղը վաղվանից ավերակ կդառնա։

-Մենք այստեղից ելնել չենք կարող... մենք կռվելու ուժ չունինք... մենք զինվոր չունինք...-սկսան խոսել ու գոչել այս ու այն կողմերից։

-Lռեցեք. ի՛նձ լսեցեք,-հրամայեց իշխանը։

Ժողովուրդը լռեց։

-Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք և ոչ զենք։ Այլ միայն այն, որ բոլոր այստեղ եղողներդ հետևեք ինձ և