Վեդիի հովիտը պատող բլուրների վրա կենալով ձեր գոռոցն ու աղաղակը միացնեք հարձակում գործող մեր զինվորների ձայնին։ Եվ եթե կգտնվեն մեջ մի քանի քաջեր, որոնք կցանկանան թագավորի ու թագուհու շնորհակալության արժանանալ, նրանք էլ ջահերով թշնամու վրանները կկրակեն։ Հենց որ աղաղակն ու հրդեհն սկսվին, թշնամին շփոթված պիտի փախչի։ Այն ժամանակ կոտորածը կանեն իմ զորքերը, իսկ ավարը կմնա գեղացոց։
Իշխանի խոսքերը ազդեցին ժողովրդի վրա։ Թեպետ նրանցից ոմանք դարձյալ ընդդիմության աղմուկ հանեցին, բայց իշխանի առաջարկությունն ընդունողների թիվը շատ մեծ էր։ Մի հասարակ աղաղակի կամ որևէ մի վրան կրակելու համար արքայական շնորհաց արժանանալու հույսը շատերի եռանդը վառեց։ Իսկույն խմբեր կազմվեցան. զենք չունեցողը զենք առավ վրան, պահակներից շատերը ջահեր պատրաստեցին, ոմանք էլ հողի ամաններով կամ փոքր տիկերով կպրաձյութ վերցրին։ Կային և մարդիկ, որոնք զինվեցան տապարներով կամ բահերով, և այսպես ամենքը միասին խմբվելով՝ լուռ ու մունջ դուրս եկան բերդից և հետևեցին իշխանի ձիու սմբակներին։
Առաջին պայմանը անձայն ու անշշուկ ընթանալն էր, որին ամբոխը հետևում էր զգուշությամբ։ Իսկ իշխանը դիտմամբ ծանր էր առաջանում, մտածելով թե մինչև սեպուհի դարձը ինքը կարող է տեղ հասնել։
Բայց որքա՛ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ ուխտի զինվորների կացած տեղը հասնելուվ՝ տեսավ, որ սեպուհը վաղուց սպասում է իրան և որ Վեդիից ու Ճերմանիսից բերած մի բազմաթիվ ամբոխ խլրտում է լեռնալանջի ծմակում:
Իսկույն սկսան իրանց կարգադրություններն անել։ Ամբոխը բաժանեցին երեք հավասար մասի։ Նրանցից ամեն մինը պետք է բռներ հովտի մի զառիվայրը։ Ջահավոր պահակները գաղտուկ պիտի մոտենային վրաններին։ Հարձակման նշանը պետք է տար Մարզպետունին. իսկ առաջին կրակը պիտի վառեր սեպուհը։ Այնուհետև պիտի փրթեր սոսկալի աղաղակ, որին կմասնակցեին բոլորը, առանց ընդհատելու։ Կոտորածը