Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց միջոցով զորքը հանել կղզին: Ոմանք ծովակի հատակը խոր չտեսնելով՝ առաջարկեցին հողով և քարերով լցնել այն անջրպետը, որ կղզին բաժանում էր ափից, և նրա վրայով հասնել մինչև ամրոցը։ Իսկ մի ծեր զինվորական որ ծանոթ էր հագարացիների դարեր առաջ Հայաստանում արած ավերվածությանց պատմության, առաջարկեց զորապետին ծովակն արձակել։

-Ինչպե՞ս թե ծովակն արձակել, -զարմացած հարցրեց Բեշիրը։

-Այնպես, ինչպես որ երկու հարյուր տարի առաջ Մոհամեդ Բ. ոստիկանն արավ,-պատասխանեց զինվորականը։

-Բայց նա ինչպե՞ս արավ։

-Երեք տարի շարունակ այս կղզին պաշարեր, բայց գրավել չկարողացավ, որովհետև կղզեցիները յուր բոլոր հնարները ի դերև էին հանում։ Քանի՜-քանի անգամ նա լաստեր շինեց և բազմաթիվ զորք հանելով նրանց վրա, կղզին շրջապատեց։ Բայց հայերը քարընկեց մեքենաներով ժայռեր էին գլորում այդ լաստերի վրա և ջրի տակը խորասուզում նրանց։ Շատ անգամ էլ երկաթե երկար կարթերով քաշում էին լաստերը դեպի կղզու ժայռերը և վառած նավթ ածելով զորքի վրա, կրակում նրան։ Ոստիկանը փորձեց մինչև անգամ երկարամյա պաշարմամբ սովամահ անել կղզեցիներին, բայց այդ էլ չկարողացավ, որովհետև նրանց վարժ լաստավարները ելնում էին կղզուց գիշեր ժամանակ և շրջակա ափերը հասնելով` առատ պաշար էին բերում կղզին այնպիսի ժամանակ, երբ հագարացիներից ոչ ոք չէր կարողանում խանգարել նրանց։ Երբ ոստիկանը ամեն կողմից հույսը կտրած կամենում էր պաշարումը թողնել և հեռանալ, մեր արաբացի գիտուններից մինը, որ գտնվում էր այդ ժամանակ Մոհամեդի բանակում եկավ և խնդրեց նրան հրաման տալ իրան կղզին առնելու մի նոր հնարք գտնել։ Ոստիկանը շնորհեց արաբացուն այդ իրավունքը։ Եվ նա մի քանի օր շարունակ ծովակի շուրջը պտտելուց ետ եկավ և հայտնեց ոստիկանին, թե գտել է ծովն արձակելու և Սևանն ափից բաժանող անջրպետը ցամաքեցնելու հնարը։ Երբ Մոհամեդը զարմացած հարցրեց թե՞ «որն է այդ», նա պատասխանեց.-Սևանա լիճը գտնվում Է