շատ բարձր լեռների վրա և այդ լճից ելնում է Հրազդան մեծ գետը։ Այդ հանգամանքը ցույց է տալիս, թե հնարավոր է Սևանը պատող ափերից մինը փլցնել և դեպի շրջակա ձորերը անցք բանալով՝ ծովակի ջուրը դատարկել։
Արաբացի գիտնականի գյուտը հավանական գտավ Մոհամեդը և հրամայեց իսկույն փորել այն ափը, որ հարմար էր գտնում հնարագետը։ Մի քանի շաբաթվան ընթացքում արաբացի զորքերը պատրաստեցին մի հսկայական ջրանցք, որտեղից ծովակի ջուրն սկսավ հոսել դեպի յուր շուրջը պատող ահավոր ձորերը։ Հոսանքը բանալուց երկու-երեք օր հետո այս անջրպետը, որ ահա մեր առջևն է, ցամաքեց բոլորովին և Մոհամեդի զորքը անաշխատ մտավ կղզին, գրավեց հինավուրց բերդը, որ, ասում էին յուր հիմնարկության օրից ի վեր դեռ ոչ մի զորավոր թշնամի չէր կարողացել գրավել. ապա սկսան կոտորել բնակիչներին, կողոպտել գանձերով հարուստ եկեղեցիները, գերի վարել այդտեղ ապաստանած հայազն իշխանուհիներին...
-Այդպես էլ մենք կանենք,-ընդհատեց Բեշիրը զինվորականին։ -Ո՛վ որ ձեզանից կարող է այդ հինավուրց ջրանցքը գտնել, թող շտապե, ես նրան ամենամեծ պարգևը կտամ։
-Այդ գիտնականը, տեր, իմ նախահայրերից մինն էր,-շարունակեց զինվորականը,-և այդ պատմությունը ավանդաբար մնացել է մեր ընտանիքում։ Գուցե դարձյալ նախկին հնարագետի թոռներից մինին հաջողի այդ գյուտը, ուստի խնդրում եմ ինձ շնորհել այդ հետազոտության իրավունքը։
Բեշիրը զիջավ հնարագետի ժառանգին խնդրած իրավունքը և նա յուր մի քանի ընկերներով շտապեց Գեղամա ծովափունքը հետազոտելու։
Բայց որպեսզի այդ հնարը չհաջողելուց ժամանակ չկորցնե, նա հոգաց նաև մյուս միջոցների մասին. այն է՝ փայտահարներ ղրկեց մոտակա անտառը, որպեսզի գերաններ կտրեն լաստերի համար։
Թողնենք այժմ հագարացիներին իրանց պատրաստությանց