Էջ:Muratsan, vol. 4.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորն այդ իմացավ և զինվորներին դառնալով հարցրեց.

-Կուզե՞ք, որ ձեր թագավորը գերվի Բեշիրից:

-Երբե՞ք,-գոչեցին նրանք միաբերան։

-Պատրաստվեցեք ուրեմն կռվելու։ Իշխան Մարզպետունին քսան հոգով ջախջախեց այս բանակը. մի՞թե դուք, հարյուր հոգիք, նույնը չեք կարող անել։

Մարզպետունու քաջերի անունը ցնցեց զինվորներին։

-Առաջնորդի՛ր մեզ, տեր արքա, մենք ետ չենք մնալ նրանցից,-գոչեցին նրանք եռանդով։

-Ես ձեզ հետ կլինեմ մինչև իմ վերջին շունչը,-ասաց թագավորը։ Ապա դառնալով կղզու դարանապետին հարցրեց.-քանի՞ լաստի պատրաստություն ունի կղզին։

-Քսան, եթե գործածական նավակները չհաշվենք,-պատասխանեց դարանապետը։

-Այդ բոլորը թող հանվին դարաններից։ Վաղ առավոտ, դեռ արևը չծագած, նրանք պատրաստ պիտի լինին ծովն իջնելու։

-Պատրաստ կլինին նույնիսկ այս գիշեր,-հարեց դարանապետը և գլուխ խոնարհելով արքային, հեռացավ։

Թագավորի ձեռնարկությունը ավելի քան հանդուգն էր: Մի քանի տասնյակ զինվորներով գնալ հազարավորների դեմ և այն` ջրերի խորքից նրանց հետ կռվելու համար, կնշանակեր՝ գնալ իսկական մահվան դեմ։ Վանքի միաբանները, որոնք ավելի լավ էին կշռում վտանգի մեծությունը, խոսեցին այս մասին թագուհու հետ, իսկ վերջինս եկավ արքային համոզելու, որ ետ կանգնե նա յուր մտադրությունից։

-Այս կղզու մեջ մենք կարող ենք ապահովապես պաշտպանվել,-ասաց նրան թագուհին. -մեր ունեցած զորքը և նրա հետ էլ վանքի միաբանությունը կարող են հաջողությամբ ետ մղել ափերից թշնամու լաստերը։ Դրա համար կղզին ունի ամեն հարմարություն։ Իսկ կղզուց դուրս՝ չկա քեզ համար հենարան, թշնամին յուր նետերի տարափով կծածկե քո հարյուր զինվորներին, այնուհետև կղզին կմնա արաբացոց կատաղության նշավակ։