-Արաբացի քաջեր, մի՛ թուլանաք, մի՛ շփոթվեք, օ՛ն, հետևեցեք ինձ... հառա՜ջ, սուսերավորներ, հառա՜ջ, նիզակավորներ... թշնամին սակավաթիվ է, հարձակեցե՛ք, ջարդեցե՛ք նրան...։
Բայց զորապետին քիչերն էին հետևում, իսկ թիկնապահները գոռում էին.
-Թշնամին ծովի վրա է, տեր, ի՞նչ կարող են անել նրանց մեր սրերն ու նիզակները...։
-Օ՜ն ուրեմն, հառա՜ջ, նետաձիգ քաջեր. ցույց տվեք անհավատներին ձեր բազկի զորությունը, ծովակուլ արեք այդ սրիկաներին,-գոռում, գոչում էր զորապետը։
Նետաձիգները, արդարև, խմբվեցան նրա շուրջը և ասպարափակ կազմելով սկսան հառաջանալ դեպի ծովափը։ Նրանցից շատերն սկսան քաջաբար աղեղները լարել, նետեր արձակել, բայց բնությունն ինքը օգնության էր հասնում հայերին։ Արևը նրանց ետևը լինելով յուր հրափայլ ճառագայթներով խտղտում էր արաբացի զինվորների աչքերը, այդ պատճառով նրանք չէին կարողանում իրանց նետերն ուղղել նպատակին, այլ մեծ մասամբ ձգում էին ծովի դատարկ տարածության մեջ։ Մինչդեռ հայերն, ընդհակառակը, չէին շեղում նպատակից։ Նրանց պողպատյա փքինները թափանցում էին թշնամու ասպարափակը, պատառում էին կաշվե վահանակները և անարգել ցցվում զրահապատ կրծքերի մեջ, խլում զորականի սաղավարտը, փշրում նրա երեսակալը կամ շամփրում ասպարից դուրս գտնվող սրունքները։ Ծովափը հետզհետե ծածկվում էր դիակներով, և սակայն Բեշիրը դիմադրում էր համառությամբ, հուսալով վերջ ի վերջո վանել ծովի միջից հերոսաբար կռվող քաջերին։ Բայց նրանք ընդհակառակը, զորանում և ավելի ու ավելի մոտենում էին ափին։ Այդ հանգամանքը զարմացնում էր արաբացիներին։
Հանկարծ թագավորի նավակի մեջ բարձրացավ մի կարմիր դրոշ և սկսավ ծածանել օդի մեջ։ Դա կղզեցիներին որոշ հրաման տվող նշանն էր։
Իսկույն կղզու առաջ սկսան երևալ նորանոր լաստեր, որոնք հետզհետե դուրս էին գալիս խարակների ետևից և առաջանում դեպի հայոց նավախումբը։ Թշնամին պարզ տեսնում