Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սեդան հնազանդվեցավ. և մոտեցնելով թագուհու մահճակալին մի եռոտանի աթոռ, նստեց նրա վրա։

-Այդպես, այժմ սկսի՛ր։

-Դու հուզված ես, իմ սիրելի թագուհի․ ավելի լավ կլիներ, եթե մենք ցավերից չխոսեինք...-հոգատար եղանակով աղաչեց Սեդան։

-Ես կամենում եմ անպատճառ իմանալ, թե որքա՛ն բան գիտեն ուրիշները իմ ցավերի մասին. այդ անհրաժեշտ է. այդ կարող է օգնել գործին, և հենց այդ պատճառով դու պիտի պատմես ինձ ոչ միայն քո գիտեցածները, այլև լսածներդ։

-Եթե այդ կարող է օգնել գործին...

-Այո՛, անպատճառ կօգնե,-ասաց թագուհին այնպիսի մի եղանակով, որի մեջ նկատվում էր նրա անդառնալի հրամանը` չկրկնել տալ իրան այլևս միևնույն պատվերը։

Սեդան գլուխը խոնարհեց և սկսավ մտածել։ Ըստ երևույթին նա վերադառնում էր դեպի անցյալը և աշխատում էր զարթեցնել յուր մեջ հին հիշողությունները։ Դրա համար, իհարկե, ժամանակ չէր հարկավոր. այն, ինչ որ նա պիտի պատմեր, կատարվել էր ընդամենը չորս կամ հինգ տարվա ընթացքում. ուրեմն, հազիվ թե Սեդան մի որևէ դեպք մոռացած լիներ։ Բայց նրան տանջում էր այն միտքը, թե արդյոք պատմե՞ թագուհուն այն ամենը, ինչ որ ինքը գիտե, թե միայն այն, ինչ որ կարող է գոհացնել նրա հետաքրքրությունը, առանց, սակայն, նրա սիրտը խռովելու։ Թագուհին գուշակեց Սեդայի տարակուսանքը և դիմելով նրան` տխուր ժպիտով ասաց.

-Գիտեմ, իմ բարի Սեդա, թե ինչո՛ւ համար ես դժվարանում խոսել։ Այո՛, չես կամենում ինձ վրդովել, այնպես չէ՞. բայց ծածուկ վերքն ավելի ցավ ու տանջանք է պատճառում, քան հայտնին։ Խոսի՛ր ազատ և անկեղծորեն։ Դրանով դու ավելի թեթևություն կբերես իմ սրտին. և ես խոստանում եմ լսել քեզ սառնասրտությամբ։

-Այո՛, իմ մեծափառ թագուհի, ինձ պաշարել է այն երկյուղը, թե գուցե իմ պատմածներով վրդովմունք պատճառեմ քո սրտին։ Այժմ՝ որովհետև դու այդ գուշակեցիր և խոստանում ես սառնասրտությամբ լսել ինձ, ապա ուրեմն կպատմեմ