Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Խմի՛ր այս ջրից մի բաժակ, սա կհանգստացնե քո հուզմունքը,-խնդրեց նա թագուհուն։

Բայց նա, կարծես օշարակը չտեսնելով և նույնիսկ Սեդային չլսելով, սկսավ խոսել նրա հետ մի տեսակ ինքնամոռացության մեջ.

-Լսի՛ր, Սեդա, մի՞թե ես ավելի բախտավոր չէի լինիլ, եթե մի հովվի կին լինեի...։

-Ի՞նչ ես ասում, թագուհի,-հարցրեց Սեդան տարակուսած։

-Այո՛, այն ժամանակ մեր իշխանները կծաղրեին Սահակ Սևադային. կասեին թե՝ Գարդմանա հզոր իշխանը յուր դուստրը տվել է լեռներում ապրող մի հովվի, այնպես չէ՞... Այո, և այն ժամանակ ես, հայոց թագուհին, Աշոտ֊Երկաթի ամուսինը չէի լինիլ. ինձ չէին շրջապատիլ այս հոյակապ զարդարանքները, այս ոսկեճամուկ դիպակները, այս արծաթե ու փղոսկրյա կարասիները... այո, և զորախմբերը չէին խոնարհիլ իմ առաջ իրանց դրոշն ու նիզակներր... Բայց հովվական խրճիթի մեջ իմ հոգին խաղաղ և սիրտս հանգիստ կլիներ... իմ հայրն ու սիրելի եղբայրը աչքերի լուսից չէին զրկվիլ, և ես շարունակ գաղտնի հառաչանքներով, թաքուն արտասուքներով չէի ողբալ մեկի ծերությունը և մյուսի ծաղիկ հասակը... Եվ այս բոլորը մի անզգամի, մի նվաստազգի կնոջ համար... Օ՜հ, խելքս թռչում է, երբ սկսում եմ մտածել...։

-Թագուհի, դու դարձյալ վրդովվում ես. խմի՛ր այս բաժակը, աղաչում եմ, նա կհանգստացնե սիրտդ,-խնդրեց Սեդան, օշարակի բաժակը մոտեցնելով նրան։

Թագուհին բաժակը վերցրավ և խմեց միանվագ։ Զովարար ըմպելիքը մեղմացրեց նրա սրտում վառվող կրակը։ Նա լռեց մի վայրկյան։ Սեդան հանգամանքից օգտվելով, ընտրեց նաժիշտների բերած մրգերի ծիրանգույն խաղողի մի գեղեցիկ ողկույզ և բերավ թագուհուն։

-Այս նույնպես կհանգստաընե սիրտդ, ճաշակի՛ր մի քանի հատ,-խնդրեց նա թագուհուն։

-Լա՛վ. բայց նստի՛ր դու այստեղ, իմ առաջ, և պատմի՛ր բոլորը, ինչ որ գիտես,-հրամայեց թագուհին: