Էջ:Muratsan, vol. 4.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թշնամու գալուստը իմանալուն պես հարկ եղածը տնօրինե:

Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ դետ կարգված պահապաններից մինը եկավ և հայտնեց, թե «Դվին դարձող կարավանները պատմեցին, որ Բեշիրը բազմաթիվ զորքով հասել է Գեղամա ծովը և Սևանը պաշարել...»։

«Հա՛, նա ուրեմն անակնկալ հարձակում է գործել, որպեսզի արքային հանկարծակիի բերի, -մտածեց Մարզպետունին, -անշուշտ նա կամենում է ինձնից կրած հարվածի վրեժը լուծել թագավորից... Ուրեմն արքան ծանր դրության մեջ է, պետք է շտապենք նրան օգնելու»։

Այս մտածությամբ դուրս գնաց իշխանը, որպեսզի հրաման տա զորքին՝ ժամ առաջ պատրաստվելու և դեպի Սևան ուղղվելու։

Բայց հազիվ թե նա հանդես արավ զորքին և հայտնեց նրանց յուր դիտավորությունը, ահա՛ Սևանից հասավ արքայի բանբերը, որ ավետեց նրան թագավորի մղած կռվի և տարած հաղթության ուրախարար լուրը։

-Փա՛ռք ամենակարող աստծուն, որ հաջողում է մեզ... -բացականչեց իշխանը և սաղավարտը հանելով՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց և զգածված ձայնով Դավթի սաղմոսը ասաց. «Տեր, զի՞ բազում եղեն նեղիչք մեր և բազումք յարեան ի վերայ մեր։ Բազումք ասէին զանձնէ մերմէ, թէ չիք սոցա փրկութիւն առ Աստուած իրեանց։ Այլ դու, Տէր, օգնական մեր ես, փառք մեր և բարձրացուցիչ գլխոյ մերոյ... Ոչ երկիցուք ի բխրուց զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պահեալ պաշարէին զմեզ... զի դու հարեր զամենեսեան՝ ոյք էին ընդ մեզ թշնամությամբ ի տարապարտուց և զատամունս մեղաւորաց փշրեցեր...»։

Ժողովուրդն ու զորքը ծնկան եկան, իսկույն գոհության աղոթք մրմնջացին աստծուն։

Ապա օրվա մնացորդը անցուցին նրանք ուրախ կերուխումով, որին մասնակցեց ինքը իշխանը յուր համհարզներով և ուխտի անդրանիկ զինվորներով:

Մինչդեռ հայերը Սևանում ու Գեղում ուրախության տոն էին կատարում, Բեշիրը, իբրև վիրավոր վագր, զայրացած ու