ունեցած զորքի մասին տեղեկություն առնելու,-ավելացրին նրանք։
-Ո՛չ, ես կրկնակի պարտություն կրելուց ետ Դվին վերադառնալ չեմ կարող,- պատասխանեց զորապետը։-Ես սովոր եմ հաղթանակով մտնել Դվին և այդպես էլ կմտնեմ։
Կամակոր հագարացուն համոզել անկարելի էր. գնդապետները ստիպված էին նրա հրամանը կատարելու։
Մայիսյան առավոտ էր. բայց արև չկար. թանձր ամպերը պատել էին երկինքը։ Այդ եղանակը հաճոյական էր Դվնո դաշտում, ուր միջօրեին կիզում էր արևը, իսկ զորքի համար հով էր հարկավոր։ Բեշիրը ուրախացավ, նրան թվում էր, թե բնությունը հաջողություն է խոստանում իրեն` ծածկելով ամպերի տակ արևի ճառագայթները։ Այդ պատճառով նա հրաման արավ պետերին անմիջապես պատրաստել զորքը և ուղղվել դեպի Գեղ։
Երանոսի գյուղապետը, համաձայն Մարզպետունու կարգադրության, ժամ առաջ արդեն մարդիկ էր ուղարկել Գեղ` հագարացոց գալուստը իշխանին հայտնելու։ Վերջինս յուր զորքերով կազմ ու պատրաստ սպասում էր Բեշիրին։
Եվ որովհետև հայերը երկու հաղթություններից արդեն քաջալերված էին, ուստի իշխանը որոշել էր չփակվել բերդում, այլ հարձակվել թշնամու վրա, հենց որ վերջինս Գեղա լեռան լանջերը կբարձրանար։ Հայ զորքերը անժույժ սպասում էին պահանորդների ազդարար նշանին։ Ամեն մեկը նրանցից որոշել էր մի որոշ սխրագործությամբ փառավորվել։ Այլևս չկար այն երկյուղը, որ պաշարում էր հայ զորականին` հագարացու հարձակման լուրը լսելիս։ Իշխան Մարզպետունու ձայնը գերբնական ուժ էր ներշնչում նրանց, ամեն մեկը հավատում էր, թե չի կարող հաղթվել այն զորքը, որ Գևորգ իշխանի հետ միասին է կռվում։
Երբ Բեշիրը Դվնո վտակն անցնելով` սկսավ դեպի Գեղա լանջերը բարձրանալ, տեսավ, որ լեռան կատարը բռնված է թանձր մառախուղով։ Գեղա բերդը չէր երևում ամենևին, իսկ լեռան վերին լանջերը ծածկված էին մշուշով։
Այս հանգամանքը երկյուղ ազդեց նրա սրտին. բայց յուր շրջապատողներին ոչինչ չասաց։ Նա լուռ, քաջալանջ