Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ էր վարում նժույգը և ոսկե ցցունքը հպարտ-հպարտ ծածանում էր յուր սպիտակ ապարոշի վրա։

Հագարացիք արդեն հասել էին լեռան կեսը և մտնում էին մառախուղի սահմանը։ Համհարզներից մինը հիշեցրեց զորապետին մշուշի վտանգավոր լինելու մասին։ Բшյց Բեշիրը աներկյուղ պատասխանեց։

Հազիվ զորապետը յուր խոսքը վերջացրեց, և ահա հանկարծ հայոց գնդերի աղաղակը որոտաց։ Ինչպես զայրացած մի հեղեղ թափվեցան նրանք հագարացիների վրա և աննահանջ կատաղությամբ սկսան կոտորել։ Հարձակումն անսպաս էր, թշնամին գլուխը կորցրեց և պատրաստվում էր փախչելու, բայց Բեշիրի աղաղակը և գնդապետների խրախույսը արգելք եղան նրան։ Առանց տեղն ու դիրքը ճանաչելու և հարձակվողների որքանությունն իմանալու, ճակատ կազմեցին լանջերի վրա և սկսան պաշտպանվել, բայց դիմադրությունը հուսահատական էր։ Նրանք կռվում էին միայն զորավարի ներկայությամբ, բայց հենց որ նա հեռանում էր մյուս կողմը, սկսում էին քայլ առ քայլ նահանջ տալ դեպի զառիվայրերը։ Իսկ հայերի թափը այնքան զորավոր և հարվածները բազմաձեռն էին, որ մի ժամվա ընթացքում լեռնալանջը դիակներով ծածկվեցավ։ Նրանցից շատերը ձիաների լեշերի հետ միասին գլորվում էին դեպի ձորերը։ Մարզպետունոր զինակիցները, այն է` Վահրամ սեպուհը, Գոռ իշխանիկը և ծերունի Մուշեղը կռվում էին յուրաքանչյուրը մի կետի վրա. նրանց գնդերը, անտառի մեջ փրթած փոթորկի նման, ավերում էին իրանց շուրջը, շարունակ դեպի վայր մղելով ընդդիմականներին։ Հզոր դիմադրություն էր ցույց տալիս միայն Բեշիրը մի խումբ արաբացի քաջերով, որոնց կատաղի նժույգները ծառանում, սլանում էին լեռնալանջի այս ու այն կողմը` աշխատելով ոտնահար անել սուսերամերկ կամ նիզակավոր հայ մարտիկներին։

Գևորգ իշխանը, որ հերոսաբար կռվում էր սարատափի վրա, տեսավ Բեշիրի շահատակությունը և նրա խմբի ճիգը` դեպի վեր բարձրանալու։

Կարծես մի նոր զայրույթ բռնկեց նրան։ Ճեղքելով հանդիպակաց խմբերը` նա խոյացավ դեպի զորապետը։