-Դեպի ու՞ր, թշվառական,- որտաց նա ահավոր ձայնով և մոտ հասնելով` ուղղեց նիզակը հագարացու կրծքին։ Նրա աշտեն, սակայն, չթափանցեց պողպատե ասպարը, որով զորապետը դեմ դրավ հարվածին, այլ սահելով ցցվեցավ նժույգի կրծքում: Երիվարը թավալվեց, բայց Բեշիրը թռավ դեպի ետ։ Խռնվեցան իսկույն նրա թիկնապահները և մեջ առին Մարզպետունուն։ Փոքր մի ևս և մահը անխուսափելի էր իշխանի համար, որովհետև նրա մի հարվածին պատասխանում էին մի քանի ուրիշները։ Բայց այս անգամ հորը օգնության հասավ որդին, նա յուր զինակիցների հետ միասին իջավ վերին լանջերից ինչպես արծիվ և ընկավ շրջապատող խմբակի վրա։ Նիզակներ էին, որ շամփրում էին և սրեր, որոնք արագ֊արագ իջնում էին մարտիկների գլխին կամ թափանցում նրանց կուրծքն ու կողերը։
Արաբացոց այս խումբն էլ երկար չդիմադրեց. նա ետ նահանջեց դեպի վայր, որոնելով զորապետին։ Բայց Բեշիրը չէր երևում ոչ մի տեղ. նա ձորակի ճանապարհով խույս էր տվել դեպի Դվին, որովհետև յուր զորքի պարտությունն ակներև տեսել էր. ուստի փութացել էր գոնե յուր կյանքն ազատելու։
Այս հանգամանքը վհատեցրեց վերջին դիմադրողներին և նրանք հետզհետե նահանջելով հասան լեռան ստորոտը և այդ տեղից սկսան փախուստ տալ դեպի Դվնո դաշտը։
Այս անգամ Մարզպետունին չհետևեց փախստականներին, հաշվելով, թե Դվինը մոտ է և այստեղից կարող են օգնության հասնել փախչողներին։ Նա ժողովեց յուր քաջերին, ստուգեց ընկածների թիվը, որոնք միայն մի քանի տասնյակ էին, ապա գոհության աղոթք կարդաց աստծուն նույնիսկ ճակատի տեղը, և աշտանակելով նժույգը` վերադարձավ Գեղ։ Նրան հետևեցին յուր զինակիցներն ու զորքը, ցնծության աղաղակներով և հաղթական երգեր երգելով: