Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիշո՞ւմ ես դու այն խնջույքներն ու հանդեսները, որ հաճախ տրվում էին քո հոր ապարանքում, այն ձիարշավներն ու զինախաղերը, որ կատարվում էին մեծ բերդի առաջ... Դրանք բոլորր պատրաստվում էին միայն քո պատճառով։

-Ինչո՞ւ իմ պատճառով, մայր Սեդա, հայրս զբոսասեր էր ի բնե։

-Ոչ, իմ սիրելի, այդպես համարում էին նրան ուրիշները։ նույնիսկ դրացի իշխանները բամբասում էին հորդ անտեղի զբոսասիրությանց համար։ Բայց Գարդմանա տերը ոչ վատնող էր և ոչ զբոսասեր։ Ընդհակառակը, նա միակ իշխանն էր հայոց երկրի մեջ, որ խոհեմության, չափավորության և քաջության հետ միասին ուներ նաև ուսումնասեր ոգի, որ յուր տան մեջ դպրոց հաստատեց, դպրապետներ կարգեց և Գարդմանա վանքերում ուսումը ծաղկեցուց. դրանք հո քաջ հայտնի են քեզ։

-Անշուշտ։

-Բայց միևնույն ժամանակ նա հյուրամեծար և շքադիր մարդ էր։ Հաճախ նրան այցելում էին Արցախու, Սյունյաց, Վասպուրականի և ուրիշ շատ տեղերի ազնվատոհմ իշխաններ. նույնպես և Ոստանի արքայազունք։ Գարդմանա տերը չէր կարող չընդունել նրանց յուր անվան ու հռչակի վայել շուքով։ Մանավանդ որ դրանցից շատերը նրա գեղանի դստեր փեսայության պարծանքը վաստակելու նպատակով էին հաճախում Գարդման։ Ծնողներդ և ես այս մասին ոչինչ չէինք հայտնում քեզ. բայց տեղի ունեցող հանդեսները, զինախաղերն ու ձիարշավները պատրաստվում էին նրա համար, որ դու միջոց ունենաս մրցող իշխանազունների միջից քո սրտի սիրելին և քո սիրույն արժանի փեսացուն ընտրելու։ Հայրդ չէր կամենում խտիր դնել իրան ներկայացող և քո ձեռը խնդրող երիտասարդների մեջ, որովհետև նրանք բոլորն էլ քաջ, բոլորն էլ գեղեցիկ, հարուստ և համբավավոր իշխաններ էին։ Մեկին ընդունելով և մյուսին մերժելով նա կարող էր նախանձի և թշնամության գրգիռ հարուցանել այդ քաջերի մեջ, հետևապես և վտանգի ենթարկել թե՛ յուր, թե՛ նրանց երկրների խաղաղությունը։ Նա տեսնում էր, որ մեր աշխարհի կործանիչ խռովությանց մեծագույն մասը նմանօրինակ չնչին