նույնը հրամայեց` «զկայսերն տալ կայսեր»...-խոսեց կաթողիկոսը վճռական ձայնով։
-Ո՞վ է քո կայսրը,-հարցրեց իշխանը բարկությունից դողալով։
Վեհափառը չպատասխանեց։
-Դու մի թագավոր ունիս, որին և պարտավոր ես հարգել. դա Աշոտ-Երկաթն է,-շարունակեց իշխանը։— Հագարացին իրավունք չունի այս երկրի վրա. նա մի հափշտակիչ, մի ավազակ է։ Այն հայը, որ տիրապետ է անվանում նրան, մի դավաճան է. իսկ դավաճանին իրավունք ունի մեռցնել առաջին զինվորը, առանց արդարության դեմ մեղանչելու։
-Ես փախչում էի բռնակալի վրեժխնդրությունից,-խոսել սկսավ կաթողիկոսը.-դու ինչու՞ ուղարկում ես ինձ այդ վրեժխնդրության առաջ։ Ի՞նչ օգուտ կարող է բերել քեզ իմ մահը։
-Մի՛ ասիր «քեզ», այլ ասա՛ «հայրենիքին»։ Եթե կարծում ես, թե քո վերադարձը մահ պիտի պատճառե քեզ, ապա ուրեմն ուրա՛խ եղիր։ Մի՞թե ավելի լավ չէ Ղևոդյանց հետ դասվիլ, քան անհիշատակ ոչնչանալ...։
Իշխանի խիստ լեզուն փոխանակ վեհափառի բարկությունը գրգռելու, ընդհակառակը, ճնշում, մեղմացնում էր նրան։ նա տեսնում էր, որ այդ մարմնացյալ եռանդը խոսում էր ոչ թե յուր, այլ հայրենիքի օգտին. ինչպե՞ս ուրեմն զայրանար նրա դեմ։ Չէ՞ որ ինքն էլ պակաս չէր սիրում այդ հայրենիքն ու նրա ազատությունը, բայց ի՞նչ աներ, որ աստված չէր տվել իրան Մարզպետունու սիրտը, Մարզպետունու հոգին. նա վախենում էր վտանգներից, սարսափում էր արաբական սրերից... Կկամենար, այո՛ ծառայել փրկության գործին, կկամենար, մինչև անգամ, զոհվել... բայց չէր կարող, բնությունը զրկել էր նրան այդ քաջությունից։
-Ղևոնդյանց հետ դասվիլ ասացիր,-խոսել սկսավ վեհափառը,- կցանկանայի, այո, արժանանալ այդ փառքին. բայց մի՞թե կարող եմ։
-Կամենալը՝ կարենալ է։ Եվ հարմար առիթը, ահա՛ հրավիրում է քեզ։ Քաջ եղիր, արհամարհի՛ր անցավոր