Էջ:Muratsan, vol. 4.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա գտնվում էր Երազգավորսում, Աբաս արքաեղբոր մոտ։ Դվինի գրավելու մասին հարկ եղած որոշումն անելուց և նախնական պատրաստությունները տեսնելուց հետո, նա դիմել էր Աբասին, նախ՝ թագավորի հետ նրան հաշտեցնելու և ապա այդ քաջի աջակցությունը ձեռք բերելու յուր մտադրյալ գործի համար։

Աբասն այդ ժամանակ ապրում էր յուր հոր, Սմբատ թագավորի կառուցած ապարանքում։ Յուր եղբոր պես նա էլ գեղեցիկ, բարձրահասակ, ամուր կազմվածքով և, մանավանդ, ազդեցիկ դեմքով մի տղամարդ էր։ Թեպետ տարիքով ավելի փոքր էր քան թագավորը, բայց նրանից ավելի խոհեմ և շրջահայաց էր։ Բացի այդ, նա ավելի պարկեշտ և բարոյասեր էր, քան Աշոտը. և հենց այդ պատճառով էլ սրտմտած էր եղբոր դեմ, որ նա առաքինի հորից ժառանգած գահի պատիվն արտավորել էր յուր ապօրինի ընթացքով։

Արքաեղբոր այդ սրտմտությունից օգուտ քաղեցին յուր ժամանակին նրա աներ ափխաղաց իշխանը և հորեղբայր Աշոտ բռնակալը և միացրին նրան իրենց հետ՝ թագավորին դավով գահընկեց անելու համար։ Այդ դավադրությունը, ինչպես յուր տեղը իմացանք, անհաջող անցավ։ Թագավորը չկամենալով եղբորից վրեժ առնել՝ ափխազաց Գուրգենի երկիրն ավերեց, որով Աբասին ավելի գրգռեց։ Ապա երբ յուր սուրն Աշոտ բռնակալի վրա դարձուց, սա կեղծավորաբար հաշտվեց նրա հետ, արքաեղբայրը, սակայն, չմոտեցավ թագավորին, ոչ էլ հաշտվելու փորձ արավ, որովհետև յուր գժտության պատճառը բոլորովին տարբեր էր Գուրգեն-Ափխազի և Աշոտ բռնակալի ունեցած պատճառներից. նա անգործ նստել էր Երազգավորսում և այլևս ոչինչի չէր խառնվում։ Նա, մինչև անգամ, մերժեց Մարզպետունու խնդիրը, երբ վերջինս մի քանի ամիս առաջ եկավ խնդրելու իրան՝ միանալ դաշնակցել ցանկացող իշխանների հետ։ Եվ այժմ, երբ նա նորեն մտավ Երազգավորս՝ Աբասին յուր եղբոր հետ հաշտեցնելու դիտավորությամբ, մտածում էր, թե անկարող պիտի լինի դարձյալ համոզել նրան։ Միակ վստահությունը ներշնչում էին իրան յուր վերջին հաղթությունները։ Դրանք իրավունք էին տալիս նրան ավելի ազատ