Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ամեն ընկերությունից և հանգիստ էր գտնում միայնության մեջ։

Սակայն բժիշկը, թագուհու համաձայնությամբ, խորհուրդ տվավ արքային շտապել, տնօրինել յուր վերջին կամքը պետական գործերի նկատմամբ և պատրաստվել` հրաժեշտ տալ աշխարհին, որովհետև յուր հիվանդությունը սուր կերպարանք էր առնում։

Բժշկի այդ խորհուրդը մի խորամանկություն էր: Նա գիտեր, որ արքայի վերքը վերջ ի վերջո պիտի մահացներ նրան. բայց գիտեր և այն, որ այդ վախճանը դեռ հեռու էր։ Եվ որպեսզի ավելի ևս հեռացներ նրան, նա աշխատում էր հանել թագավորին շրջապատող միայնությունից և տխրությունից։ Նրան հարկավոր էր ապրել ուրախ ընկերակցության մեջ կամ զբաղվել պետական գործերով, որպեսզի սովորական վշտերն ու մտատանջությունները չմաշեին նրա մարմինը և այդպիսով չարագացնեին վերքից առաջացող քայքայման ընթացքը։

Բայց որովհետև թագավորը հակառակ ցանկության էր և չէր կամենում Սևանից ելնել, ուստի բժիշկը այդ հնարը մտածեց, որպեսզի գոնե ուրիշների օգնությամբ կարողանա նպատակին հասնել։

Եվ այդ հաջողեց նրան։ Թագավորն ուրախությամբ լսեց վիրաբույժի խորհուրդը և գրեց Աբաս եղբորը մեզ հայտնի նամակը։

Եվ ահա՛ մի գեղեցիկ օր Գեղամա ծովակի ափը ծածկվեցավ զորքերի բազմությամբ։ Թագավորը, որ դղյակի պատուհանից նայում էր ծովափին, զարմացավ` տեսնելով ափ իջնող գնդերը։ Սկզբում նա կարծեց, թե եկողը Բեշիրն է, որ վերադարձել է յուր պարտության վրեժը իրանից առնելու, ուստի երկյուղի նման մի բան նրա սիրտը խռովեց։ Բայց երբ նկատեց յուր արքայական դրոշակը, որ լայն բացված ծածանում էր ծովափի վրա, նրա անհանգստությունը փոխվեց ուրախության։

«Այդ Մարզպետունին է, իմ քաջ և հավատարիմ իշխանը...»,-շշնջաց նա և դուրս ելավ սենյակից` դեպի դիտարանը գնալու։