Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավելությամբ առավ արաբացիներից։ Դա յուր եղբայր Աշոտն էր. այն աննման հերոսը, որի երևույթը միայն սարսուռ էր ազդում թշնամիներին և որին ինքն ուխտեց հավասարմություն և մշտական աջակցություն։ Եվ այդ պատճառով հաջողությունները հաջորդում էին միմյանց, որովհետև եղբայրական սերն ու միությունը առաջնորդում էին զորքին և նրա դրոշն ու սուրը հաղթական կացուցանում ամեն տեղ։ Բայց հենց որ այդ սերը սառեցավ, միությունը քայքայվեց, դժբախտություններն էլ իրանց դռները բացին... այժմ հին առյուծը փակվել էր վանդակի մեջ. թշնամիների սարսափը ծածկվել էր ճգնարանում...

Եթե թագավորը հանցավոր էր այդ բանում, միթե ինքը Աբասը անպա՞րտ էր բոլորովին... ինչպես պիտի տեսներ այժմ եղբորը յուր նվաստության մեջ, այն հաղթող ու հերոս Աշոտին` աբեղաների խուցերում...։

Վերջին մտքերն այնպես հուզեցին արքաեղբորը, որ նրա աչքերը արտասուքով լցվեցան։

«Ես այնպես ջերմագին կսեղմեմ նրան կրծքիս, որ յուր վշտերն իսկույն մոռանա...»,- շշնջաց ինքն իրան Աբասը և աչքերը սրբեց։

Երբ նավակները հասան կղզու ափին, արքայի պահանորդները կանգնած էին այդտեղ։ Նրանք եկել էին իշխանին դիմավորելու։ Բայց տեսնելով նրա հետ և արքաեղբորը, որ սիրալիր կերպով ողջունեց իրանց, իսկույն ցնծության աղաղակ բարձին և «կեցցեներով» օդը թնդացրին։ Ապա առաջնորդեցին նորեկներին դեպի վերին տունը, ուր ապրում էր թագավորը։

Վերջինս, որ չէր սպասում Աբասին, տեսնելով նրան Մարզպետունու հետ` սաստիկ ուրախացավ։ Նա մոռացավ իսկույն թե՛ յուր աստիճանը և թե` եղբորից կրած դառնությունները։ Նա հիշեց միայն, որ Աբասը յուր եղբայրն է, միակ հարազատն աշխարհում. ուստի չսպասեց, որ նա հասներ դղյակին. նա ինքը փութաց կրտսեր եղբորը դիմավորելու։ Բլրակի կանաչ զառիվայրի վրա նրանք հանդիպեցին իրար.-«սիրելի եղբայր», «սիրեցյալ թագավոր» բացականչությունները խեղդվեցան նրանց ջերմ գրկախառնության և համբույրների մեջ։