-Այն, որ երդվեցի Գառնիում, ս. Մաշտոցի գերեղմանի վրա, իմ ուխտի զինվորների և Գառնո ժողովրդյան առաջ։
-Այսի՞նքն։
-Չվերադառնալ ընտանյացս գիրկը, չմտնել իմ հարկի տակ, մինչև որ վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից։
Թագավորը նոր հիշեց այդ պատմությունը, որ արել էր նրան իշխանը Սևանում և տարակուսելով հարցրեց.
-Ինչո՞ւ, ուրեմն, թույլ տվիր ինձ հաշտվել ոստիկանի հետ, քանի որ այդպիսի ուխտ ունեիր արած։
-Մտածեցի, թե ավելի լավ է տարագիր մնամ իմ տանից, քան թե մեր բանակը վտանգի ենթարկեմ։
-Դու առաջ արդեն մտադիր էիր Դվնո վրա հարձակվելու,-նկատեց թագավորը.-մի՞թե այն ժամանակ զերծ պիտի մնար զորքը վտանգից։
-Այն ժամանակ հույս ունեի իմ հավատարիմների վրա, որոնք կաթողիկոսի հետ միասին Դվին պիտի մտնեին։ Բայց հետո այդ հույսը ոչնչացավ, որովհետև «բռնավորը» մեր գաղտնիքը մատնեց։
Թագավորը լռեց և ընկավ մտածության մեջ։ Նա ճանաչում էր իշխանին. գիտեր, որ որչափ քաջ և աննկուն էր նա թշնամիների առաջ, նույնչափ և փափկասիրտ և խանդակաթ էր դեպի յուր ընտանիքը։ Այդ պատճառով վշտացավ, որ իշխանը հեռու է գտնվում Գառնիից յուր երդման պատճառով և այդ այնպիսի մի ժամանակ, երբ նրա միամոր որդի Գոռը նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ վայելում է այնտեղ ընտանեկան կյանքի քաղցրությունները։ Նա գիտեր, զգում էր, թե որչա՛փ սրտագին կփափագեր իշխանը մասնակցել յուր որդվու ուրախության` սեփական հարկի տակ: Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող տենչանոք սպասում է այն օրին, երբ պիտի տեսնե որդուն արժանավոր ամուսնությամբ բախտավոր... Եվ ահա՛ իշխանի համար հասել էր ցանկալի օրը, բայց բախտի անողոք որոշմամբ նա չէր կարողանում այժմ վերադառանալ յուր տունը, տեսնել որդուն երջանիկ և նրա երջանկությունը կրկնապատկել յուր հայրական գգվանքներով։
Այս մտքերը հուզեցին թագավորին։ Նա պատրաստ էր