Էջ:Muratsan, vol. 4.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր Շիրակը, համարյա, մասնակցեց արքունյաց ուրախության. իսկ զորքերը նրանով ա՛յն աստիճան զբաղվեցան, որ մոռացան, մինչև անգամ, Դվնո առման արգելք եղող ոստիկանի պատգամավորներին։

Դ

925 թվականը վերջացավ և սակայն Հայոց երկիրը, շնորհիվ տեղի ունեցած հաշտությանց, վայելում էր դեռ կատարյալ անդորրություն։

Այս պատճառով դաշնակից իշխանները իրանց զորքերով հեռացել էին Երազգավորսից, Մարզպետունի իշխանը միայն չէր կարողանում վերադառնալ յուր ամրոցը-Գառնի, ուր վաղուց արդեն գտնվում էր Գոռը՝ նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ։

Արքայի հարցին՝ թե «ինչու՞ իշխանը չէ կամենում հանգստանալ», վերջինս պատասխանեց.

-Իմ հանգստության ժամը չէ հասել տակավին։

-Ի՞նչ կնշանակե այդ,-հարցրեց թագավորը։

-Ես դեռ պարտք ունիմ կատարելու,-ավելացրեց իշխանը։

-Դու քո պարտքերը հատուցել ես արդեն,-նկատեց թագավորը.-ահա լրանում է երկրոդ տարին, ինչ դու շարունակ հոգսերի մեջ ես։ Դու ազատեցիր ինձ ապստամբների հետապնդությունից. դու չարչարվեցար իշխանների միության համար. բանակ կազմեցիր՝ գրեթե չեղած տեղից, հաղթանակ տարար թշնամիների վրա. հագարացոց հրոսախմբերը ցրեցիր, վերջապես Աբասին ինձ հետ հաշտեցրիր և Դվնո ոստիկանին ահաբեկելով, ստիպեցիր նրան բարեկամություն խնդրել մեզանից, ուրիշ էլ ի՞նչ պարտք է մնում քեզ կատարելու։

-Ամենից գլխավորը, տե՛ր։

-Այսինքն։

-Երդմանս պարտքը։

-Ի՞նչ երդման,-հարցրեց թագավորը զարմանալով: