Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թանկագին ընծաներ և նույնպիսի նվերներով էլ պատվեց Մսւրզպետունի իշխանին։

Բայց վերջինս ուրախ էր ոչ թե այդ սին ընծաներով, այլ այն բարեկամությամբ, որ ձեռք բերավ Վասպուրականում և որ ապագա հաջողությանց համար պիտի ծառայեր իբրև հիմնաքար։

Ինչ վերաբերում է կաթողիկոսական խնդրին, իշխանը նրան այն նշանակությունը չէր տալիս, ինչ որ տալիս էր Գագիկ Արծրունին։ Վերջինս կաթողիկոսական աթոռը Աղթամարում ունենալը մեծ փառք էր համարում յուր համար. և մինչև անգամ մի առավելություն Արարատյան իշխանապետության նկատմամբ. մինչդեռ Մարզպետունին ավելի գին էր տալիս Արծրունյաց Տան նիզակակցության, հաստատ հավատացած լինելով, որ Վասպուրականի իշխանների մի քանի գումարտակները ավելի շահ կարող են բերել գահին, քան թե Ոստանում նստող կաթողիկոսը, մանավանդ որ յուր ժամանակի ընտրելիների մեջ չէր նշմարում նա մինը, որ ժառանգ համարվեր Գևորգ կամ Մաշտոց արժանավոր հայրապետներին, այլ ամենքն էլ Հովհաննես կաթողիկոսի թուլության հաջորդներն էին։

Այդ հայացքն ունեին այս խնդրի վրա նաև Աշոտ թագավորն ու արքաեղբայրը։ Այդ պատճառով և լիաբերան շնորհակալություն մատուցին Մարզպետունուն, որ նա իմաստնաբար խորհելով` փոքրը զոհել էր` մեծագույնը ձեռք բերելու համար։ Մարզպետունի իշխանը վերադարձավ Երազգավորս` գոհ յուր առաքելությամբ։ Նա թեպետ անկարող եղավ վերադարձնել Հովհաննես կաթողիկոսին, բայց դրա փոխարեն բերավ յուր հետ Գագիկ թագավորի բարեկամության դաշնագիրը, որ առավել մեծագնի էր, քան հայրապետի վերադարձը։

Իշխանը հանգիստ առավ արքունիքում և սկսավ խորհել նոր ծրագրների մասին, ըստ որում հանգամանքները փոխվել էին արդեն և նա պարտավոր էր հարմարվել նրանց։ Սկզբում նա մտածում էր տիրել մայրաքաղաքին գաղտնի ճանապարհներով կամ ներքին դավադրությամբ, որպեսզի յուր