Բայց այդ գազանային վրեժխնդրությունը տեղի չէր ունենալ, եթե հայ իշխանները միանային, թև ու թիկունք լինեին իրանց դյուցազնասիրտ թագավորին և ընդհանուր ուժով դեմ դնեին հայրենիքի թշնամուն... Այդ թշվառությունը չէր պատահիլ, եթե տիրանենգ և դավաճան Գագիկ Արծրունին Վասպուրականում թագավորելու փառամոլությամբ կուրացած` չմիանար Յուսուփ ոստիկանի, յուր հայրենիքի անհաշտ թշնամու հետ, չկրկնապատկեր նրա կործանիչ ուժը, չբանար նրա առաջ փակված ճանապարհները, որի արդյունքը եղավ բազմաթիվ հայ զորքերի կոտորածը, բերդերի և ամրոցների առումը, Ժողովրդյան ջարդը... Այս ամենը տեսավ առաքինի թագավորը, որ ամրացած էր Կապույտ բերդի մեջ, և որին, հարկավ, թշնամին վնասել չէր կարող, բայց չդիմացավ. չկարողացավ սառնասրտությամբ նայել բյուրավոր զոհերին, անընդհատ հոսող արյանը, և մտածեց. «Թշնամին իմ անձին է հետամուտ, ինչո՞ւ թույլ տամ, որ իմ պատճառով հայրենիքն ավերվի... Ավելի լավ չէ՞, որ նրա փրկությունը դնեմ իմ արյամբ, քանի որ դավաճան իշխանները ջլատել են մեր ուժը, թուլացրել մեր բազուկը և մենք զենքի ուժով թշնամուն դիմադրել չենք կարող...»։ Եվ ահա նա դուրս եկավ բերդից և հանձնեց իրան թշնամուն. ճիշտ այնպես, ինչպես Հիսուս, սիրո և խաղաղության վարդապետը, հանձնեց իրան հրեից գազանամիտ ամբոխին` Գողգոթայի վրա անարգանաց խաչին բևեռելու...։
Այդտեղ էր այդ ժամանակ և Գագիկ Արծրունին, Հայոց Հուդան... Բայց ոչ. նրան Հուդա անվանել չի կարելի. Հուդան խիղճ ուներ, սիրտ ուներ, նա, երբ տեսավ, որ յուր անմեղ ու բարի վարդապետին մատնել է երեսուն արծաթի համար, գարշեցավ յուր անձից և գնաց կախվեցավ։ Բայց Գագիկ Արծրունին երբ տեսավ, թե յուր շնորհիվ հայրենիքի պաշտպան, անձնվեր և քաջ թագավորը մատնված է թշնամու ձեռքը, հոգաց յուր անձի անդորրության մասին, ձի նստեց և շտապեց յուր երկիրը, որպեսզի Յուսուփից ստացած և ազգից անիծված թագի փառքը ապահովության մեջ վայելե... Օ՜ և այդ հրեշը դեռ ապրում է աշխարհում. արքայական շուքով զբոսանքներ է կատարում Վասպուրականի մեջ... և Աղթամարում, ասում