Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն գարնան հովը կարող էր շարժել և այգածին ցողը` կամ մեղմով ճնշել, բայց երբե՛ք գեղջուկի կոշտ, կոպիտ ձեռքերը...։ Սակայն այդ բուրաստանի ծաղիկը, այդ ձյունաթույր շուշանը կքում է այժմ յուր գլուխը դառնաշունչ հողմի, ծանր վշտերի հարվածների տակ. մի՞թե կարող էր նա դիմանալ... Այդպես էր մտածում Սեդան։

Բայց երբ տեսավ, որ թագուհին նայում է իրան խաղաղ և անվրդով հայացքով, որովհետև նյարդերի գրգռումն անցել էր արդեն, նա հանգիստ շունչ քաշեց և ձեռքերի խաչը լուծեց։

-Սեդա՛, շարունակիր պատմությունդ,-ասաց թագուհին մեղմ և հանգիստ ձայնով։

-Շարունակե՞մ... բայց... չգիտեմ, չեմ հիշում, թե ո՛րտեղ մնացի, այնպե՜ս շփոթեց ինձ քո վրդովմունքը...

-Պատմում էիր Սմբատ թագավորի մասին, թե խաչեցին Դվինի առաջ...

-Այո՛, հիշում եմ. բայց... ի՞նչ ասեմ, ի՛մ թագուհի, ի՛մ հրեշտակ, դու նեղանում ես, վրդովվում ես... քո Սեդան պառավել է, չի կարողանում այնպես հարմարեցնել յուր զրույցները, որ հաճույք պատճառե քեզ... ինչպե՞ս անեմ...

-Չէ, Սեդա՛, այդպես լավ է. այժմ տեսնում եմ, որ զրույցներն օգնում են ինձ. ես կամաց-կամաց ընտելանում եմ իմ վշտերը հիշեցնող ակնարկներին, այդ լավ է. երևի ես այժմ կսովորեմ հաշտվել իմ դրության հետ. դու շարունակի՛ր։

-Իհարկե, իհա՛րկե. չպետք է հո միշտ տանջվել. աստված ոչ ոքի առանց ցավերի չէ ստեղծել... Բայց դու, իմ հրեշտակ, խմի՛ր դարձյալ մի բաժակ օշարակ, նա ավելի ևս կհանգստացնե քեզ,-ասաց Սեդան, սիրտ առնելով թագուհու խոսքերից, և ապա վեր կենալով բերավ նրան օշարակ։

Թագուհին թեպետ ախորժանոք չվայելեց առաջարկված ըմպելիքը, բայց դայակի սիրտն ամոքելու համար տրտունջ չհայտնեց։ Բաժակը դարձնելով Սեդային` նա հենվեցավ թավշյա բարձերին և սկսավ լուռ նրա զրույցը լսել։

-Այո՛, այդպես. անխոհեմ և ամբարիշտ իշխանների շնորհիվ այդ զարհուրելի և անարգ հարվածը հասավ մեր գլխին, սուրբ և առաքինի թագավորին խաչեցին փայտի վրա, յուր իսկ մայրաքաղաքի առաջ...