Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ, արդեն մոռացել էի... Բայց ի՞նչ ասեմ, չեմ կարողանում հիշել, սարսափում եմ...

-Ի՞նչ, մի ուրիշ արգե՞լք պատահեց։

-Օ՜հ, իշխան, եթե կարողանայի այլևս չխոսել...

-Բայց ուրիշ ի՞նչ պատահեց։

-Ուրիշ ի՞նչ. ոչինչ... ոչինչ չպատահեց...

Վերջին խոսքերն արտասանելիս սեպուհի գույնը թռավ, նա հեռացրեց Մարզպետունուց յուր հայացքը, որի մեջ այդ վայրկենին հրդեհվում էր մի հնոց։

-Բայց ի՞նչ պատահեց, ասա՛,-թախանձեց իշխանը։

-Ի՞նչ պատահեց... երկինքը կործանվեց, հասկանո՞ւմ ես, երկինքը. բայց չէ, այդ դու չես հասկանալ... Դժոխքը յուր բոլոր արհավիրներով փոխադրվեց երկրի վրա ինձ նման թշվառականին տանջելու, չարչարելու, իմ սիրտն ու հոգին կեղեքելու համար...։

-Հավատա՛ ինձ, տեր սեպուհ, չեմ կարողանում քեզ հասկանալ,-ասաց իշխանը երկյուղագին։

-Չե՞ս հասկանում... Ուրեմն ավելի մեկին խոսեմ... Տանջվիմ դարձյալ մի քանի վայրկյան. հիշեմ զարհուրելի պատմությունը...։ -Այս ասելով սեյզուհն ուղղվեցավ բազմոցի վրա և թիկունքը հենարանին տալով` քաշեց համրիչը մի քանի անգամ, ապա շարունակեց. -զարմանալի գաղտնիքն իմանալուց ետ մի դժոխային կատաղություն եկավ վրաս, հրամայեցի շղթաներ զարկել իմ թշվառ ամուսնու ոտքերին և ձգել նրան այս դղյակի խավարչտին բանտը... Օ՜, ինչու աստված միայն գազաններին է տվել պատառող ժանիքներ. միթե մարդ արարածը չի՞ գերազանցում նրանց յուր անգթությամբ... Այո՛, փակել տվի նրան զնդանի մեջ. հրամայեցի չայցելել նրան, լուր չհաղորդել և ոչ իսկ լուր առնել իրանից... Այլ միայն տալ ավուր պարենը, որպեսզի ապրե խավարի մեջ և տանջվի այդտեղ յուր հանցանքի համար։ Այնուհետև ես հեռացա Տավուշից և սկսա իմ ապստամբության գործը տնօրինել, որի սկիզբն ու վախճանը հայտնի է քեզ արդեն։ Երբ նորեն վերադարձա Տավուշ` հրամայեցի հանել զնդանից թշվառ ամուսնուս։ Եվ նա շղթայակապ, դողդողալով եկավ և կանգնեց իմ առաջ... Օ՜, ինչու՞