ձեռքով պատրաստած դժոխքի մեջ տանջվելիս... Դու կարծեմ ասացիր, թե նա մեռնում է, բայց աստված մի՛ արասցե. ես չեմ կամենում, որ նա մեռնի։ Մի՞թե հավիտենականության մեջ կարող են այնպիսի տանջանքներ տալ նրան, որպիսին ես եմ ցանկանում։ Չէ՛, թո՛ղ նա ապրի, մինչև որ Ցլիկ-Ամրամը յուր դժոխքը պատրաստե...։
-Տե՛ր սեպուհ, դու գրգռվում ես... Բայց թո՛ւյլ տուր հարցնել։ Չէ՞ որ մի ժամ առաջ ասացիր, թե թադավորի փախուստից ետ հաշտվել էիր քո դժբախտության հետ, արդ, ինչու՞ նորեն բորբոքում ես ատելությունդ։
-Ասացի, այո՛, հաշտվել էի իմ դժբախտության հետ. բայց չէ՞ որ այդ հաշտության հաջորդեց մի ուրիշ, առավել սոսկալի դժբախտություն. չէ՞ որ թշվառ ամուսինս կախվեցավ...
-Եվուրեմն դրա՞ համար մեր հայրենի նահանգները հանձնեցիր Բերին։
-Այո՛, դրա համար։ Ես չէի կարող ապրել այլևս Տավուշում. այս դղյակն ինձ համար դարձել է դժոխք։ Սրա սրահներում ճիվաղներ են ապրում. սրա ամեն մի անկյունը հիշեցնում է ինձ Ասպրամին. իսկ այն մենարանից, ուր թշվառ կինը կախվեցավ, դիվական ձայներ են հնչում իմ ականջին... 0՜, սոսկալի մի վայր է այս. այդ է ահա՛ պատճառը որ ես փախչում եմ այստեղից։
-Տեր սեպուհ, դու կարող էիր հեռանալ Տավուշից. ի՞նչ հարկ կար Բերին հանձնել քո նահանգը։
-Որպեսզի ինձանից ետ Աշոտը չտիրեր նրան։
-Եվ մի՞թե կարծում ես, թե Բերը կկարողանա ժառանգել այս երկիրը։
-Եթե չի կարողանալ, գոնե կպատերազմե Աշոտի հետ, կխանգարե նրա հանգստությունը, կավերե նրա երկիրը... Իսկ ինձ այդ է հարկավոր։
Իշխանը տեսնելով որ միայն կիրքն է խոսում սեպուհի մեջ և որ ինքը խրատներով չպիտի կարողանա նրա ապստամբ սիրտը նվաճել, զղջաց, որ եկել է Տավուշ, ուստի և դադարեց նոր հարցեր ու դիտողություններ անելուց։ Մի երկու օրից ետ Ցլիկ֊Ամրամը յուր ստացվածներով