ու հավատարիմներով հեռացավ Տավուշից, թողնելով յուր տիրած կալվածները ափխազաց թագավորին, որի հավատարմատարները հասել էին արդեն Տավուշ։
Հեռացավ նաև Մարզպետունի իշխանը: Բայց նա չգնաց Ոստան, այլ դիմեց Գուգարաց և Տայոց իշխաններին, որպեսզի կարողանա ետ կանգնեցնել նրանց Բեր թագավորին տված խոստումներից։
Բայց նախքան Տավուշից հեռանալը` իշխանն արքային գրեց մի նամակ, որի մեջ բացատրեց սեպուհի նոր դավաճանության պատճառը։ Եվ նկարագրելով հարվածի այն ծանրությունը, որ ճնշում էր ապաբախտ սեպուհին, արդարացրեց մինչև անգամ նրան, առարկելով, թե ամենքին չէ տված անձնականը ընդհանուրին զոհելու քաջությունը, և թե սեպուհը հայ և հայրենասեր լինելուց առաջ` մարդ էր, մսից ու արյունից կազմված, հետևապես չէր կարող տանել բարեկամի կողմից իրան հասած անխիղճ զրկանքը...։
Իշխանը սեպուհի խոսածների և մանավանդ նրա տխուր հրաժեշտի ազդեցության տակ լինելով` յուր նամակը գրեց այնպիսի հոգով, որով ուղղակի դատապարտում էր արքային. նա չկարողացավ գուշակել, թե այդ գրությունը ծանր ազդեցություն կանե հիվանդ թագավորի վրա, որ առանց այն էլ բավական շատ էր տանջվել ճակատագրի հարվածներից։
Սակայն մի երկու օրից, երբ սուրհանդակը հեռացել և, գուցե, արդեն Շիրակ էր մտել, նա մտաբերեց այդ նամակը, հիշեց յուր գրածները և սաստիկ զղջացավ։ Բայց արդեն ուշ էր. նամակն այլևս անկարելի էր վերադարձնել։
Մարզպետունին յուր նամակում խնդրել էր թագավորին` ուղարկել շուտով Ուտիք Վահրամ սեպուհին մի քանի զորավոր գնդերով, որպեսզի մինչև ափխազցիների գալը` իրանք գրավեին Ուտյաց, Գուգարաց և Տայոց աշխարհները։
Չանցավ մի տասն օր և ահա՛ սեպուհը յուր Արարատյան գնդերով մտավ Ուտիք և առանց Մարզպետունու հրահանգներին սպասելու, առաջ վարեց յուր զորքերը և այդ նահանգի բոլոր ամրությունները գրավեց, հալածելով ամեն տեղից ափխազաց հավատարմատարներին։ Եվ որովհետև ժողովուրդը հակառակ էր օտարին հնազանդելու և նրան հարկ տալու